Մատչելիության հղումներ

20 տարի անց ԱՄՆ-ը չի լինի աշխարհի թիվ մեկ տնտեսությունը


Նյու Յորքի համայնապատկեր
Նյու Յորքի համայնապատկեր

Ամերիկացի փորձագետները նաեւ չեն բացառում Թուրքիայի մասնատումը։

Ամերիկյան ազգային հետախուզական խորհուրդը հրապարակել է վերլուծություն մինչեւ 2030 թվականն աշխարհում ակնկալվող խոշոր զարգացումների մասին։

«Համաշխարհային միտումներ 2030» վերնագրած զեկույցի առանցքային կանխատեսումներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու տասնամյակում, ամենայն հավանականությամբ, կզրկվի առնվազն տնտեսության ասպարեզում մոլորակի գերտերության կարգավիճակից։

Փորձագետների կարծիքով, արդեն 20-ական թվականներին առաջին տեղում կհայտնվի Չինաստանը, եւ Ասիայի տարածաշրջանի տնտեսությունն ավելի հզոր կլինի, քան Հյուսիսային Ամերիկայինը։

Տնտեսական անկումը կշարունակվի Ճապոնիայում, Եվրոպայում եւ Ռուսաստանում, ինչի պատճառը մասամբ կլինի նաեւ բնակչության հետագա ծերացումը։

Այնուամենայնիվ Միացյալ Նահանգները կշարունակի ընդհանուր առումով առաջատար լինել` շնորհիվ գլոբալ ճգնաժամերի կարգավորման հարցում վճռական դերակատարության, տեխնոլոգիական առավելության եւ մշակույթի։

Փորձագետների կարծիքով, այս դարի 30-ական թվականներին մահմեդական ահաբեկչության գործոնը որոշ չափով կնվազի, սակայն կաճի կիբերահաբեկչության վտանգը։

Համաշխարհային անկայունության խորացմանը կնպաստի նաեւ միջազգային մրցակցությունը բնական պաշարները, մասնավորապես, ջրի աղբյուրները հսկողության տակ վերցնելու համար։

Աշխարհաքաղաքական դարակազմիկ տեղաշարժերից մեկն էլ կլինի այն, որ էներգակիրների խոշոր ներկրող Միացյալ Նահանգները կվերածվի էներգիայի հարցում անկախ եւ լիովին ինքնաբավ երկրի։

Այսպիսով, ինչպես ամերիկացի փորձագետներն են կանխատեսում, 2030 թվականին Միացյալ Նահանգները կդառնա «առաջինը հավասարների շարքում»։

Սակայն 1945 թվականին սկիզբ առած ամերիկյան համաշխարհային գերակայությունը արդեն ասիճանաբար նվազում է։

Գերմանիան` շնորհիվ հզոր տնտեսության, կմնա Եվրոպայի առաջատարը։

Ռուսաստանի բնակչությունը եւս 10 միլիոնով կնվազի, սակայն տնտեսության զարգացման եւ ներգաղթի քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը կարող է պահպանել իր այսօրվա դիրքը համաշխարհային խոշոր դերակատարների համայնքում։

Մոլորակի անկայունության աղբյուրներից մեկը կմնա Մերձավոր Արեւելքը։ Այդ տարածաշրջանում հնարավոր է նաեւ տնտեսական էական հետընթաց, քանի որ աշխարհը նոր տեխնոլոգիաների շնորհիվ աստիճանաբար նվազեցնում է կախվածությունը նավթից ու գազից, մինչդեռ Մերձավոր Արեւելքի երկրները դեռ չեն դիվերտիֆիկացնում իրենց տնտեսությունը։

Այս զեկույցում կա ուշագրավ եւս երկու կանխատեսում` Միացյալ Նահանգների անսպասելի նահանջը միջազգային ասպարեզից կարող է հանգեցնել համաշխարհային երկարատեւ քաոսի, քանի որ որեւէ այլ պետություն դժվար թե կարողանա ստանձնել աշխարհում միջազգային օրենքի երաշխավորի դերը։

Երկրորդ կանխատեսումը վերաբերում է Թուրքիային. փորձագետները չեն բացառում, որ այդ պետությունը կմասնատվի, եւ դրա տարածքում կստեղծվի անկախ Քրդստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG