Մատչելիության հղումներ

Անցած տարի 2011-ի լավագույն 10 մարզիկներին ընտրող մարզական լրագրողները 44-ն էին, այս տարի այդ թիվը կարող է կրճատվել, քանի որ քվեարկությանը կմասնակցեն առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներ:

Տարվա լավագույն 10 մարզիկներին ընտրելը 1958 թվականին «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի նախաձեռնությամբ ավանդույթ է դարձել, այն այժմ շարունակում է իրագործել Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան:

«Մենք ընդամենը շարունակում ենք այդ բարի ավանդույթը, եւ մեզ իրավունք չենք վերապահում որեւէ փոփոխություն կատարել», - ասաց ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը:

Այսօր տարբեր լրատվական կայքերում արդեն հրապարակվել են այն մարզիկների անունները, որոնցից պետք է ընտրվեն 10 լավագույնները:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել է լավագույն մարզիկների ընտրության կանոնակարգը: Ըստ այդմ` ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հաջորդաբար օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներին, այնուհետեւ միջազգային պաշտոնական մյուս մրցաշարերի մրցանակակիրներին եւ վերջում` մասսայականություն վայելող մարզաձեւերի ներկայացուցիչներին:

Քվեաթերթիկները ֆեդերացիա ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է, իսկ արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG