Մատչելիության հղումներ

Բնապահպանները չեն հավատում վարչապետի հավաստիացումներին


Վարչապետը Բըրբենքում զրուցում է ցուցարար բնապահպանների հետ: 11-ը դեկտեմբերի, 2012
Վարչապետը Բըրբենքում զրուցում է ցուցարար բնապահպանների հետ: 11-ը դեկտեմբերի, 2012
Բնապահպանները «անհամոզիչ» եւ «անհեթեթ» են որակում վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստիացումները, թե կառավարությունը հաշվի է նստում իրենց բարձրացրած խնդիրի հետ:

Ակտիվիստ Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե վարչապետն անձնական պատասխանատվություն է կրում հանքարդյունաբերություն ոլորտում ստեղծված իրավիճակի համար:

«2008 թվականին արդեն դիմել էինք Թեղուտի հարցի վերաբերյալ, ստեղծվել էր ինչ-որ հանձնաժողով, վարչապետը ինչ-որ հանձնարարականներ էր տվել, որոնք պետք է իրականացվեին, եւ` զրո արդյունք: Եվ այդ նույն մարդը նորից հավաստիացնում է` երեք խոսենք: Դա անլուրջ է ուղղակի», - ասաց Գրիգորյանը:

Բնապահպանը նկատի ունի դեկտեմբերի 10-ին Միացյալ Նահանգներում Տիգրան Սարգսյանի տված խոստումը` Երեւանում ընդունել բնապահպան ակտիվիստներին:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստները ցույց էին կազմակերպել վարչապետի այցի առթիվ Բըրբենքում` Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդարանի դիմաց:

Ցուցարարները Տիգրան Սարգսյանի ուշադրությունը գրավել էին` երգելով ՀՀ օրհներգը:

Երբ վարչապետը մոտեցել է, ցուցարարներից մեկը ասել է նրան. - «Չենք թույլ տա, որ մեր երկիրը բաժանվի մասերի, չորս հարյուրից ավելի հանք է այսօր շահագործվում փոքրիկ Հայաստանում, 300 նոր լիցենզիա տրվել է Ղարաբաղի հողերը թունավորելու համար: Դրա համա՞ր պայքարեցինք, դրա համա՞ր ազատագրեցինք երկիրը, որ մի քանի հոգի դառնան միլիոնատերեր»:

Բնապահպանները վարչապետին ասել են, թե Հայաստանի կառավարությունը «ոչ թե անտարբեր է, այլ ինքն է մասնակցում այս ամենին»:

Նրանցից մեկը դիմել է Տիգրան Սարգսյանին. - «Եթե դուք` որպես իշխանություն, տեր չկանգնեք եւ չկանգնեցնեք այս աղետալի ծրագրերը, որոնք ոչ մի էմոցիայի հետ կապ չունեն… Գնացեք այցելեք Քաջարան, այցելեք Թեղուտ եւ նայեք, թե ինչ են անում մեր Հայաստանի հետ»:

«Ուրախ եմ, որ այս շարժումը Հայաստանում ուժ է հավաքում, առավել եւս` սփյուռքում: Հասարակական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների ուժգնացումը բխում է մեր ժողովրդի շահերից, եւ մեր կառավարության պարտականությունն է` ստեղծել այդպիսի հնարավորություններ ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք ազատորեն հնչեցնել ձեզ մտահոգող հարցերը», - ի պատասխան ասել է Տիգրան Սարգսյանը:

Ցուցարարների պահանջին, որ դա պետք է գործով ապացուցել վարչապետն արձագանքել էր. - «Ձեզ հետ միասին գործով կապացուցենք»:

Դրանից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հրաժեշտ էր տվել ու հեռացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG