Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 12-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Փառք Աստծո, Գագիկ Ծառուկյանը կարծես թե չի առաջադրում իր թեկնածությունը: Փառք Աստծո ոչ թե այն իմաստով, որ Սերժ Սարգսյանից պակաս թեկնածու էր, այլ որովհետեւ եթե նույնիսկ 90 տոկոս ձայն հավաքեր, նրան, միեւնույն է, թույլ չէին տալու նախագահ դառնալ: Հայաստանի զինված ուժերը, ինչպես հայտնի է, ամենամարտունակն են տարածաշրջանում, իսկ ԲՀԿ-ն, հասկանալի է, այնքան միամիտ չէ, որ պայքարի դուրս գա կանոնավոր բանակի դեմ: Նման բան չի կարելի անել, որովհետեւ եթե նույնիսկ հաղթես` սեփական երկրի բանակին ես հաղթելու, իսկ նման բաները չեն ներվում: Հետեւաբար` Գագիկ Ծառուկյանի որոշումը ճիշտ է. չի' կարելի մասնակցել մի խաղի, որտեղ խաղի կանոնները մինչեւ վերջ հստակ չեն»:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը. - «Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նկարագրվում է կուլիսային թարմացված տրամաբանությամբ, կնշանակի, որ վերջին ամիսներին կամ շատ ավելի երկար` որպես քաղաքական պրոցես նկարագրվող կամ ներկայացվող իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան Սերժ Սարգսյանի քողարկված նախընտրական արշավ, եւ ընդդիմադիր ու այլընտրանքային բազմաթիվ ուժեր ընդամենն ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական առաջիկա ընտրություններում՝ զուգահեռ խորացնելով հանրային դեպրեսիան, որ վարագույրները բացվելու պահին հանրությունն ընդվզելու ոչ հավես ունենա, ոչ էներգիա: Ի դեպ, առաջիկա նախագահական ընտրությունների բաց թեմաներից մեկն էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցն է: Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ օրերս ակնարկում են, թե առաջիկա մեկ-երկու օրը լավ լուր է սպասվում: Գուցե հույս ունեն, որ ԲՀԿ-ն հայտարարելու է նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասի՞ն, կամ` Տեր-Պետրոսյանն ինքը առաջադրվելու որոշման մասի՞ն է բարձրաձայնելու: Դժվար է, իհարկե, որեւէ կոնկրետ բան կանխատեսել, որովհետեւ ընդդիմադիր եւ այլընտրանքային դաշտում բոլորը խոսում են ակնարկներով, այնպիսի ակնարկներով, որը չբացառի հետագա որեւէ իրադարձություն»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Պետք է արձանագրենք, որ առնվազն վեց ամիս է` Հայաստանում քաղաքական զարգացումներն ունեն բացառապես ԲՀԿ-ակենտրոն ընթացք, ինչն ընդամենը հինգ տարվա պատմություն ունեցող արհեստածին եւ ըստ էության ապագաղափարական քաղաքական կուսակցության համար աննախադեպ մեծ ձեռքբերում է: Սակայն, ինչպես եւ միշտ, այդ դեպքում եւս կա մեդալի հակառակ կողմը. ինտրիգը պետք է ձգձգել մինչեւ որոշակի պահ, բայց եթե պահը բաց է թողնվում, դրանից հետո այն դառնում է պարզապես անհետաքրքիր ինֆորմացիա: Ներկայում ԲՀԿ-ն կանգնած է հենց այդ պահը կորցնելու առջեւ, երբ իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումների ուղղությամբ էլ կրքերն այնքան տեւական ժամանակ ու բուռն են քննարկվել, որ ցանկացած որոշման դեպքում էլ հանրության մի ստվար զանգվածի մոտ հիասթափությունն անխուսափելի է լինելու»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Տարիներ շարունակ նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Ռոբերտ Քոչարյանը եւ հիմա էլ Սերժ Սարգսյանը քոքից արմատախիլ էին անում բոլոր նրանց, ովքեր կարող էին աճել ու իրենց տեղը զբաղեցնել: Եվ այդ նույնն անում էին նաեւ նրանց թիմակիցները` խանգարելով ու չեզոքացնելով բոլոր նրանց, ովքեր կարող էին աճել ու տեղ զբաղեցնել նախագահական նստավայրում, կառավարությունում, պառլամենտում, պետական համակարգում, քաղաքական դաշտում` ընդդիմադիր ու իշխանական: Արդյունքում ստեղծվեց վիճակ, որտեղ նոր մարդու հայտնությունը նմանվեց երկաթե զնդանները հաղթահարած հերոսի հաղթանակին: Այս պարագայում ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայ ժողովուրդն ապագայից: 1. Որ զնդանը պաշտպանող վիշապների հանրույթը մի օր անսպասելիորեն ու ինքնակամ կլքի դաշտը, եւ կբացվեն զնդանի դռները: 2. Որ հասարակության համբերությունը սպառվի, եւ այդ վիշապներին մի օր «բիրիքով» կուղարկենք գրողի ծոցը: 3. Որ երկրում կփոխվի մտածողությունը, եւ վերեւից մինչեւ ներքեւ հասկանան, որ նոր մարդկանց, նոր գործիչների հայտնությանը խանգարել չի կարելի»:

«Ազգ»-ը ամփոփում է. - «Փետրվարի 18-ին Հայաստանը վեցերորդ անգամ նախագահ կընտրի, եւ նախագահի նախընտրական քարոզարշավն ու ընտրությունները սպառնում են դառնալ ամենազավեշտալին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG