Մատչելիության հղումներ

Թուրքերը տարեցտարի ավելի բացասաբար են վերաբերվում ԵՄ-ին


Տեսարան Ստամբուլից, արխիվ

Տեսարան Ստամբուլից, արխիվ

Թուրքական հանրությունը տարեցտարի ավելի ու ավելի բացասաբար է ընկալում Եվրոպական Միության գործունեությունը, ինչպես նաեւ Թուրքիայի` եվրոպական ինտեգրման հեռանկարները:

Սա են վկայում Ստամբուլի խոշորագույն «Բողազիջի» համալսարանի մասնագետների կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին Vatan օրաթերթում: Հետազոտության համաձայն` այսօր թուրքերի միայն 47 տոկոսն է դրական վերաբերում Եվրոպական Միությանը: 2003 թվականին, երբ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նոր էր իշխանության եկել, Եվրամիության հանդեպ դրականորեն տրամադրված թուրքերի թիվը հասնում էր 70 տոկոսի:

Մեկնաբանելով հարցման արդյունքները` թուրքական մեկ այլ պարբերական` Zaman-ը նկատում է. - «Այս հետազոտությունը հայտնվեց մի պահի, երբ Եվրամիության նախագահությունը ստանձնել է Կիպրոսը: Թուրքիան դրա պատճառով լիովին սառեցրել է կապերը Եվրամիության կառույցների հետ, սրան էլ գումարած Ֆրանսիայի որդեգրած քաղաքականությունը թուրքական անդամակցության հարցը վերջնականապես փակուղի է մղել»:

«Բողազիջի» համալսարանի անցկացրած հետազոտության հեղինակները նաեւ փորձել են պարզել տասնամյակներ շարունակ թուրք հասարակությանը հուզող մեկ այլ հարցի պատասխանն` արդյոք Թուրքիան եվրոպական քաղաքակրթության մի՞ մասն է, թե՞` ոչ: Հարցվածների 46 տոկոսը համարում է, որ Թուրքիան Եվրոպայի մի մասն է: Տասը տարի առաջ այս հարցին դրական պատասխան էր տվել թուրքերի 70 տոկոսը:

Կարո՞ղ է արդյոք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը դառնալ երկրի մասնատման պատճառ. 2003-ին այս հարցին դրական էր պատասխանել հարցվածների միայն 41 տոկոսը: Այսօր արդեն թուրքերի մեծամասնությունը` մոտ 54 տոկոսը, նման մտավախություն ունի:

Հետազոտությունից նաեւ պարզ է դառնում, որ թուրքերի մեծամասնությունը հույս չունի, որ տեսանելի ապագայում իրենց երկիրը կդառնա Եվրամիության լիիրավ անդամ: Հարցվածների մեկ երրորդը համոզված է, որ Թուրքիան երբեք չի անդամակցի Եվրամիությանը: Եվս 21 տոկոսի համոզմամբ` դա տեղի կունենա, բայց ոչ իրենց կյանքի օրոք: Իսկ եթե մի օր Թուրքիայում Եվրամիության անդամակցության խնդրի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա դրան կողմ կարտահայտվի Թուրքիայի բնակիչների 51 տոկոսը: Ուշագրավ է, որ տասը տարի առաջ հանրաքվեի ընթացքում Եվրամիության անդամակցությանը «այո» էր պատրաստվում ասել հարցված թուրքերին 75 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG