Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում կարող է կառուցվել ռադիոլոկացիոն կայան


Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը

Չի բացառվում, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը թողնելուց հետո Ռուսաստանը նման կայան Հայաստանում կառուցի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. - «Իհարկե չեմ բացառում, քանի որ հայ-ռուսական համագործակցությունը ինչպես հայտնի է բարձր մակարդակի վրա է»:

Երեկ, հիշեցնենք, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ սպառվել է Ռուսաստանի հետ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման մասին պայմանագրի ժամկետը, եւ Մոսկվան հասկացրել է, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը: Պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանը կարող էր շահագործել կայանը մինչեւ այս տարվա դեկտեմբերի 9-ը:

Ադրբեջանի Գաբալա քաղաքում գնտվող այս կայանը հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռուսաստանյան համակարգի բաղադրիչն է, այն ԽՍՀՄ-ում կառուցված ինը կայաններից մեկն է:

Ռուսաստանի համար ռազմաքաղաքական նշանակություն ունեցող կայանի ծածկույթը շուրջ 8000 կմ է, սա նշանակում է, որ Գաբալայի կայանի տեսադաշտում են ամբողջությամբ գտնվում Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի եւ Մերձավոր Արեւելքի բոլոր պետությունների տարածքները:

Անցյալ տարի հայտնի դարձավ, որ կայանի շահագործումը երկարաձգելու համար Ադրբեջանը մինչեւ այդ Ռուսաստանի կողմից տարեկան վճարվող 7 միլին դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար է պահանջում, ինչն էլ կայանի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն է:

Չնայած ստեղծված իրավիճակին, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նոր կայան կառուցելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է այլ կերպ արձագանքել այս քայլին:. - «Եթե Ռուսաստանը որոշի հակառակ քայլ անել, ապա ավելի իրատեսական կլինի Հայաստանում նոր հակահրթիռային պաշտպանության համակարգել տեղակայելը, օրինակ` S-400»:

Քաղաքագետի կարծիքով, այստեղ խնդիրը ոչ այնքան կայանի, որքան Ադրբեջանում ռուսական զորքերի ներկայության մեջ է: Փաստացի կայանը լքելուց հետո, Ադրբեջանում այլեւս ռուսական ռազմական ներկայություն չի լինի:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, պետք չէ մտածել, որ այս դեպքից հետո կտուժեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները:

«Այստեղ հետաքրքիր է այն փաստը, որ չնայած կայանը թողնելուց հետո Ռուսաստանը այլեւս ռազմական ներկայություն չի ունենա Ադրբեջանում, բայց չպետք է մտածել, որ սրանից ռուս-ադրբեջանական հարաբերությունները կվատանան: Ընդհակառակը` դրանք գնալով ավելի են ամրապնդվում: Հիմա Ռուսաստանը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկն է: Եվ չնայած այս ամենին, Հայաստանը թե' Արեւմուտքի եւ թե' Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի, եւ մենք ունակ ենք ավելին առաջարկել նրանց նաեւ հակաօդային պաշտպանության ոլորտում»:

Այս տարվա մարտին ռուսաստանյան բանակի գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշով-ը «Свободная пресса» ինտերնետ պարբերականին տված հարցազրույցում նշել էր, թե ակնհայտ է, որ Բաքուն կատարել է քաղաքական որոշում, եւ խնդիրը վարձակալության համար սահմանված գումարը չէ: Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է այլընտրանք գտնի Գաբալային, եւ դրա համար հարմար տարբերակ կարող է լինել Հայաստանը, մասնավորապես` կայան կարելի է կառուցել Արագած լեռան հատվածում:

Իսկ արդեն ապրիլին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը պատրաստ է քննարկել նման կայան իր տարածքում կառուցելու հարցը: Նա անգամ շեշտել էր, որ Հայաստանում այն կառուցելը ավելի ձեռնտու կլինի, քանի որ մեր երկիրը լեռնային է, եւ կայանի ծածկույթը կարող է ավելի լայն լինել:

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն անելու ժամանակ ռուս-ադրբեջանական բանակցությունները դեռեւս ընթանում էին, մինչդեռ հիմա դրանք փաստացի տապալվել են:
XS
SM
MD
LG