Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցրեց Գաբալայի կայանի շահագործումը


Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, արխիվ

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, արխիվ

Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից պաշտոնապես դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը: Իր որոշման մասին Ռուսաստանը պաշտոնական նոտա է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ էին ընթանում ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալությունը երկարաձգելու ուղղությամբ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել վարձակալության գումարի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2002 թվականին 10 տարով, տարեկան 7 միլիոն դոլար վարձավճարով: Պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա դեկտեմբերի 9-ին, իսկ մինչ այդ տեւական ժամանակ ընթացող բանակցությունները կայանի շահագործումը նույն գնով մինչեւ 2025 թվականը երկարաձգելու վերաբերյալ արդյունք չտվեցին: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` Բաքուն պահանջում էր ավելացնել գումարը. սկզբում մինչեւ 15 միլիոնի, հետագայում արդեն 150 միլիոնի մասին էր խոսք գնում, իսկ «Կոմերսանտ» թերթը անգամ 300 միլիոն դոլար տարեկան թիվ էր նշել:

Պաշտոնական Բաքուն համարում է, որ կայանի շահագործման դադարեցումը չի ազդի ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը` նշելով, որ իրենք երկար տարիներ, հաշվի առնելով Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, կայանը շահագործման են տվել խորհրդանշական գումարով, իսկ Ադրբեջանի առաջարկած նոր պայմաններին, որ աշխարհում տիրող հարաբերություններին էին համապատասխանում, Ռուսաստանը չի համաձայնել:

Սեպտեմբերի 4-ին ռուսական օդուժի ղեկավար գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն հայտարարել էր, որ 2013 թվականի առաջին եռամսյակում կգործարկվի «Վորոնեժ» տիպի ռադիոլոկացիոն կայան Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում, որը կծածկի նաեւ Գաբալայի կայանի հսկողության տակ գտնվող տարածքը: Գաբալայի կայանն ունի մոտ 6000 կմ տեղորոշելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG