Մատչելիության հղումներ

Անչափասների կատարած հանցագործությունների թիվը նվազել է


Նելլի Դուրյան
Նելլի Դուրյան

2012 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 454-ի փոխարեն այս տարի տեղի է ունեցել 383 հանցագործության դեպք, որի ճնշող մեծամասնություն կատարել են անչափահաս տղաները:

«Աղջիկների թիվը չնչին է», - հայտնեց Քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը:

Անչափահասների կողմից ամենահաճախ կատարվող հանցանքը գողությունն է: Գրանցվել է անչափահասների իրականացրած գողության 186 դեպք: Հանցագործության տեսակի տարածվածությամբ հաջորդ տեղում միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելն է: Այս տարի տեղի չեն ունեցել անչափահասների կրկնահանցագործությունների դեպքեր. նախկինում հանցագործություն գործած ոչ մի պատանի կրկին հանցանք չի գործել:

Խոսելով այն մասին, թե ինչի շնորհիվ է, որ այս տարի անչափահասներն ավելի քիչ հանցագործություններ են կատարել, Նելի Դուրյանը նշեց, որ տարեսկզբին ՀՀ ոստիկանապետը հանձնարարել է աշխատանքներ տանել դպրոցներում: Քրեական հետախուզության վարչության աշխատակիցները սկսել են այցելել դպրոցներ, զրուցել աշակերտների հետ եւ Երեւանում, եւ մարզերում:

«Այս աշխատանքները դրական ազդեցություն են ունեցել երեխաների վրա» - կարծում է Նելլի Դուրյանը:

Հարցին՝ արդյոք ոստիկանության բացթողո՞ւմը չէր այն, որ նախկինում դպրոցների աշակերտների հետ աշխատանք չեն տարել, Նելլի Դուրյնաը պատասխանեց. - «Ոստիկանության բաց սա չի կարելի անվանել: Եթե մենք նոր մոտեցումներ ենք ցուցաբերում եւ նոր մոդելներ մշակում, սա չի նշանակում, որ մենք բացերն ենք փակում, սա նշանակում է, որ մենք նոր աշխատանք են սկսել կատարել, նոր ոճ ենք սկսել ցուցաբերել»:

Ավագ դպրոցների ստեղծումից հետո, երբ մեկ դպրոցում կենտրոնացան 15-18 տարեկան տասնյակ, իսկ Երեւանի դպրոցների պարագայում 100-ից ավելի պատանիներ, սկսվեց քննարկվել դպրոցներում ոստիկանության տեսուչների անհրաժեշտության հարցը, հատկապես որ այս փորձը հաջող կիրառվում է աշխարհի շատ երկրներում:

Կրթության եւ գիտության նախարարությունը ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկումներում տվել է իր համաձայնությունը, հաջորդ քայլը պետք է կատարի Ոստիկանությունը:

Հարցին, թե ունի՞ ոստիկանությունը համապատասխան ռեսուրս նման` աշխատանք կատարելու համար Դուրյանը պատասխանում է. - «Կադրային հարց է, չեմ կարող պատասխանել: Նախ պետք է ծրագիրը ներկայացնենք մեր Ոստիկանության պետին»:
Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը հայտնում է, որ փորձնական նման ծրագիր իրենց ավագ դպրոցում իրականացրել ու շատ հաջող է ընթացել:

«Ոստիկանի ներկայությունը օգտակար էր նաեւ կարգապահության առումով: Մենք ունենք ոչ միայն ներքին, այլեւ դպրոցի պատերից դուրս, բակում կարգապահություն ապահովելու խնդիր», - նշում է տնօրենը եւ մանրամասնում, որ հատկապես դպրոցի բակում կարգապահություն ապահովելը հաճախ իրենց ուժերից վեր է լինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG