Մատչելիության հղումներ

Վարչապետը ողջունել է Թեղուտի ամերիկաբնակ ակտիվիստների ջանքերը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ԱՄՆ-ի Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպած բնապահպան ակտիվիստների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը աջակցում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական շարժմանը։

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետը Արեւմտյան Թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը մոտեցել է առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անցկացնող Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստներին, ովքեր իրենց անհանգստությունն են փոխանցել վարչապետին` Հայաստանում բնապահպանական, մասնավորապես, հանքերի շահագործման խնդիրների հետ կապված:

«Մենք ուշադիր հետևում ենք ձեր շարժմանը, տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին, ավելին՝ բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում շարժման ներկայացուցիչների հետ», - Կառավարության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ցուցարարներին ուղղված իր խոսքում ասել է վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ շարժումը տալիս է դրական արդյունքներ, պետական կառույցները հաշվի են առնում շարժման կողմից հնչեցրած կարծիքը: - «Կառավարությունը նույնպես աջակցում է ձեր այդ շարժմանը: Ես համոզված եմ, որ այս երկխոսությունն օգտակար է մեր ժողովրդի, պետության համար: Իհարկե, կան ձեր կողմից ներկայացված բազմաթիվ պահանջներ, որոնց լուծումները խնդրահարույց են, բայց մենք պատրաստ ենք նստել, քննարկել այդ հարցերը եւ փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն նաև ձեզ»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ողջունելի է հասարակական կազմակերպությունների գործունեությունը, քանի որ դրանք բխում են մեր ժողովրդի շահերից։

«Եթե չկա ակտիվություն, եթե չկա այս կամ այն բնագավառում ոլորտի շահերը պաշտպանող կազմակերպություն, մարդիկ, ովքեր նվիրված են այդ գաղափարներին եւ ովքեր գաղափարն առաջ են տանում, քաղաքացիական հասարակություն հնարավոր չէ կառուցել: Կառավարության պարտականությունն է ձեզ համար ստեղծել այդպիսի հնարավորություններ, որպեսզի դուք կարողանաք ազատորեն հնչեցնել ձեզ մտահոգող հարցերը»,- ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG