Մատչելիության հղումներ

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 200 հազարին


Սիրիացի փախստական կինը թուրք-սիրիական սահմանային անցակետում:

Սիրիացի փախստական կինը թուրք-սիրիական սահմանային անցակետում:

Փախստականների մեծ մասը ապրում են ճամբարներում:

Թուրքական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, սիրիական ճգնաժամի հետեւանքով թուրք-սիրիական սահմանը հատող փախստականների թիվը մոտենում է 200.000-ի: Նրանց մեծ մասը ապրում են ճամբարներում:

Վերջին 4 ամիսներին հոսքը դեպի Թուրքիա կրկնապատկվել է: Փախստականների մեծամասնությունը սահմանը հատում է ոչ թե պաշտոնական անցման կետերով, այլ Հաթայ շրջանում իրենց համար զինվորական ստորաբաժանումների կողմից ստեղծված անցակետերով, որտեղից նրանց տեղափոխում են ճամբարներ: Թուրքիայում այդպիսի 14 ճամբար կա:

Թուրքիայի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Հաքան Աթամանը հայաստանյան լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով թուրք-սիրիական սահմանը հատած սիրիացի փախստականներին` առանձնացնում է «չգրանցված փախստականների» խնդիրը:

«Հիմնական հումանիտար խնդիրը սիրիացի փախստականների հարցում չգրանցված փախստականներն են», - նշում է թուրք իրավապաշտպանը` հավելելով, որ նրանք Թուրքիա են մուտք գործում ոչ օրինական ճանապարհով ու հիմնականում իրենց ձեռքի տակ անձը վկայող փաստաթղթեր չունեն:

«Չգրանցված փախստականները բաժանվում են երկու խմբի` փաստաթղթերով եւ առանց դրանց: Եթե նրանք անձնագիր ունեն, ապա խնդիր չէ մնալ եւ կառավարության ու այլ կազմակերպությունների օգնությունը ստանալ: Բայց եթե առանց փաստաթղթի են հասել Թուրքիա, ապա նրանց համար օգնությունը մատչելի չէ: Նրանք հիմնականում պահպանողական հայացքների տեր մարդիկ են, վախենում են, որ իրենց կուղարկեն ճամբար, քանի որ պարբերաբար Սիրիա են գնում-գալիս: Նրանք ոչ տեղ ունեն մնալու, ոչ բուժօգնության համար կարող են դիմել, նրանց պետք է ուտելիք եւ այլն: Նման փախստականներն ապրում են քաղաքներում եւ նրանց վերաբերալ չկան վիճակագրական տվյալներ», - շարունակում է Թուրքիայի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչը:

Ըստ այդ կազմակերպության հրապարակած զեկույցի` 110.000 սիրիացի փախստական տեղավորվել է ճամբարներում, որոնք տեղակայված են երկրի հարավային շրջաններում: Ճամբարներում տեղավորված փախստականները Թուրքիայի կառավարության կողմից գրանցվել են որպես երկրի կողմից պաշտպանվող շահառուներ:

Մոտ 60.000 փախստական ապրում է ճամբարներից դուրս` սահմանամերձ քաղաքներում ու Ստամբուլում: Նրանցից շուրջ 20.000-ը կարող են Թուրքիա եկած լինել կարճաժամկետ այցելության կարգավիճակով՝ օգտվելով դեռ 2009 թվականին ուժի մեջ մտած առանց վիզայի այցելությունների վերաբերյալ պայմանավորվածության ընձեռած հնարավորությունից։ Իսկ 40.000-ը նրանք են, ովքեր հատել են Թուրքիայի սահմանը ապօրինաբար եւ խուսափում են հայտնաբերվելուց:

Թուրք իրավապաշտպանը վկայակոչում է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող թուրքական Քիլիս քաղաքի քաղաքապետին: Ըստ քաղաքապետ Մեհմետ Աբդի Բուլութի, այդ քաղաքում մոտ 20.000 սիրիացի փախստական կա: Քաղաքապետը նշել է, որ եթե Սիրիայում ճգնաժամը շարունակվի, իրենք եւս 40.000 փախստական կարող են ընդունել:

Աթամանը պատմում է, որ այդ քաղաքում գտնվող փախստականների ճամբարը տիպային տնակների ավան է. - «Քիլիսի ճամբարը լավագույնն է մնացածների համեմատ, այնտեղ կան բուժսպասարկման, կրթական եւ որոշ այլ հարմարություններ»:

Ի տարբերություն Քիլիսի ճամբարների, այլ վայրերի ճամբարներում փախստականներն ապրում են վրաններում, ինչը խնդիր կհարուցի ձմռան ամիսներին: Աթամանն ասում է, որ երկրի իշխանությունները պատրաստում են անհրաժեշտ պարագաների ցուցակ եւ որոշ մարդասիրական կազմակերպություների միջոցով հավաքում են ձմռան համար անհրաժեշտ պարագաներ: Բայց դա միայն ճամբարի համար:

Թուրքական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչն ամփոփում է, որ հինգ մարդասիրակական կազմակերպություն են աշխատում ճամբարներում. մատակարարելում են սնունդ, հագուստ եւ անհրաժեշտ այլ պարագաներ, ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են նաեւ դրամական օգնություն:

Անցած շաբաթավերջին Հորդանանի եւ Թուրքիայի փախստականների ճամբարներ այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը բարձրաձայնել էր իր մտահոգությունը: Նա ճամբարում հանգրվանած սիրիացի փախստականների հետ հանդիպումից հետո ասել է, որ խորապես ցնցված է ու շոկի մեջ է սիրիացի փախստականների պատմություններից այն դժբախտության մասին, որը վրա է հասել նրանց Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ տարիուկես շարունակվող հակամարտության հետեւանքով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու կոչով դիմել է բոլոր դոնորներին: Նա նշել է, որ Սիրիային ուղղված մարդասիրական ծրագիրը ֆինանսավորվել է 50 տոկոսով: ՄԱԿ-ը այս հարցով խնդրել էր 348 միլիոն ամերիկյան դոլար, մինչդեռ հավաքվել է 157 միլիոն դոլար:

Սիրիայում, տարբեր աղբյուրների համաձայն, հակամարտության ընթացքում զոհվել է 20.000 մարդ` հիմնականում քաղաքացիական անձինք: 456.000 սիրիացի դարձել են փախստականներ: Երկրում 2.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:
XS
SM
MD
LG