Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. Մարդու իրավունքների ոլորտում ամենամեծ «խոցը» դատարաններն են


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենամեծ «խոցը» դատարաններն են:

Անդրեասյանը երկուշաբթի` մարդու իրավունքների պաշտպանության օրը, ներկայացրեց պետական մարմինների կողմից 2012 թվականի մարդու իրավունքների խախտումների վիճակագրությունը: Ըստ այդ վիճակագրության` Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են սոցիալ-տնտեսական ոլորտում` աղքատություն, ազատ մրցակցային պայմանների բացահայտություն: Շարունակում են գերխնդիր մնալ նաեւ ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած խախտումները:

«Ճիշտ է, 2012-ին ունեցանք առաջընթաց այն մասով, որ չկան բռնություններ եւ ակնհայտ կոպիտ խախտումներ տեղամասերում եւ ձայների հաշվարկի ժամանակ, բայց մեր հասարակությունը դեռեւս ընտրական գործընթացներին չի հավատում: Խնդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության եւ դատախազության ձեւապաշտական մոտեցումների մեջ է», - ասաց Անդրեասյանը:

Խոսելով կոնկրետ դեպքերի մասին` օմբուդսմենը նշեց, որ 2012-ին մարդու իրավունքների խախտման 31 դեպք է արձանագրվել. ամենաշատ խախտումները եղել են դատախազությունում ու պաշտպանության նախարարությունում` վեցական դեպք է յուրաքանչյուրում, խախտումները չեն վերացվել:

«Իրենք հրաժարվել են վերականգնել մարդու խախտված իրավունքները. պատասխանը հանրությանը այնպես է ներկայացվու, որ, ասես, իրենք որեւէ սխալ թույլ չեն տվել, եւ քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանը փորձում են վարկաբեկել այդ բացարձակ անմեղ եւ արդար կառույցները», - ասաց օմբուդսմենը:

Խախտում կատարողների եւ սեփական սխալները չընդունողների եւ չշտկողների ցուցակը համալրում են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արդարադատության, կրթության եւ գիտության, արտաքին գործերի նախարարությունները, ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը, Պետական եկամուտների կոմիտեն, Պետական գույքի կառավարման վարչությունը: Մարդու իրավունքների պաշտպանին այս տարի դիմել է 5600 մարդ: Ըստ պաշտպանի` 820 բողոք հիմնավոր է եղել, հիմնականում բողոքել են ոստիկանության աշխատանքից:

Այն հարցին, թե ինչո՞ւ վերոնշյալ գերատեսչությունները չեն ընդունում իրենց թույլ տված սխալը, Անդրեասյանը պատասխանեց, թե պատճառը կարող է լինել անձնական, քաղաքական կամ կոռուպցիոն շահը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Անդրեասյանի թեկնածությունը որպես մարդու իրավունքների պաշտպան առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, իսկ այսօր փաստորեն օմբուդսմենը բարձրաձայնում է հիմնականում այն խախտումների մասին, որոնք իրականացվել են հանրապետականների կողմից ղեկավարվող գերատեսչություններում, հարց հնչեց, թե ճնշումներ չեն եղե՞լ արդյոք Անդրեասյանի վրա: Օմբուդսմենը նախ ասաց, որ պարտական չէ Հանրապետականին եւ հավելեց. - «Որեւէ քաղաքական ճնշում օմբուդսմենին վրա չի եղել: Օմբուդսմենը 1.5 տարվա ընթացքում որեւէ մեկի կողմից չի ուղղորդվել եւ որեւէ մեկը չի կարողացել իրեն ասել` սա մի ասա, կամ նա մի ասա»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին` եթե լուրջ գերատեսչությունները չեն արձագանքում օմբուդսմենի բարձրացրած խնդիրներին, դրանով իսկ ձեւական բնույթ չեն տալի՞ս այս գրասենյակի գործունեությանը, Անդրեասյանը պատասխանեց նախ չհամաձայնելով այս դիտարկմանը եւ ասաց, որ շատ ավելի մեծ թիվ են կազմում այն դեպքերը, երբ օմբուդսմենը քաղաքացուն օգնել է:

«Իմ խնդիրը ուղղակի ծայրահեղ դժվար է. մի կողմից ես պետք է կարողանամ չոր ու կոնկրետ քննադատել պետական մարմիններին, բայց մյուս կողմից ես բարոյական իրավունք չունեմ հուսահատեցնել այն քաղաքացուն, որը դիմել է ինձ», - ասաց Անդրեասյանը:

Ի դեպ, լրագրողներն էլ օմբուդսմենից փորձեցինք ճշտել իրենց իրավունքների պաշտպանության մասին: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում պետք է ընդունի օմբուդսմենը, երբ ընտրություններ լուսաբանելու ժամանակ ոտնահարվում է լրագրողների իրավունքը, մասնավորապես նշելով «Ազատություն» ռադիոկայանի երկու աշխատակիցների հետ տեղի ունեցած դեպքերը, Անդրեասյանն ասաց. - «Սահմանադրությունը եւ միջազգային սկզբունքները բոլոր երկրների բոլոր օմբուդսմենների համար արգելում են միջամտել նախաքննության եւ դատաքննությանը: Այն ֆունկցիան, որը դուք ուզում եք դնել ինձ վրա, պետք է ստանձնի դատարանը», - ասաց օմբուդսմենը` հույս հայտնելով, որ մի օր քաղաքացիները կկարողանան վստահել դատարաններին:
XS
SM
MD
LG