Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Թբիլիսին սկսում են բանակցել առանց միջնորդների


Վրաստանն ու Ռուսաստանը 2008 թվականից ի վեր առաջին անգամ ուղղակի բանակցություններ կնախաձեռնեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կարձագանքենք Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հայտարարություններին եւ առաջիկայում նրա հետ հանդիպում կկայանա: Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը որոշակի հստակություն կմտցնի մեր հարաբերություններում», - երեկ Մոսկվայում հայտարարեց Լավրովը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ:

Ուշագրավ է, որ Լավրովն այս հանդիպման ընթացքում ակնարկել է այն առաջին զիջման մասին, որին հնարավոր է գնա ռուսական կողմը:

«Մենք պատրաստ ենք քննարկել Վրաստանում արտադրված գյուղատնտեսական ապրանքների ներկրման վերսկսումը: Հարկ է նաեւ հիշել, որ Վրաստանի տարածք էլեկտրաէներգիա եւ գազ մատակարարող ընկերություններում ռուսական մասնակցություն եւս
առկա է: Այնպես որ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ, որը կյանքից է բխում, խելամիտ է, սակայն պետք է հասկանանք թե հատկապես ինչ կոնտեքստում են մեզ առաջարկում բարելավել հարաբերությունները», - նշեց Լավրովը:

Ինչ վերաբերում է վրացական կողմին՝ մի քանի ժամ առաջ պաշտոնական Թբիլիսին հաստատեց ապագա բանակցությունների փաստը։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետ Իվինիշվիլիի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ռուս դիվանագետների հետ կհանդիպի արդեն այս շաբաթ՝ Եվրոպայում», - հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, հավելելով․ - «Ռուսական կողմն ինքն է դիմել անձամբ Զուրաբ Աբաշիձեին հանդիպման առաջարկով: Այս բանակցությունները զուտ տեխնիկական բնույթ են կրելու եւ որեւէ կոնկրետ արդյունք ակնկալելու կարիք չկա: Բայց այն փաստը որ նման հանդիպումը կայանում է, արդեն իսկ լավ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG