Մատչելիության հղումներ

Երշիկ արտադրող 21 հայաստանյան ընկերություններ տուգանվել են


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 օրինախախտ տնտեսվարողների հանդեպ կիրառվել է օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ։

ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն, երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տեւած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները:

Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս
ՏՄՊՊՀ

«Մասնավորապես, երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու եւ այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ», - ասված է հաղորդագրությունում, - «Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը»։

Օրինախախտ ընկերություններն են․ «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե եւ Նարինե», Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:

«Քանի որ բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերին եւ հետևապես մեծ կարեւորություն են ներկայացնում, ապա Հանձնաժողովի որոշմամբ օրինախախտների հանդեպ նշանակվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:», - նաեւ ասված է հաղորդագրությունում։

Հանձնաժողովը կներկայացնի առաջարկություններ՝ մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգում լրամշակումներ անելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG