Մատչելիության հղումներ

Փարիզում Հայաստանի բարձրաստիճան դիվանագետների խորհրդակցություն է անցկացվել


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Փարիզում անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Հայաստանի արտգործնախարարության տարածածա հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը։

Խորհրդակցությանը անդրադարձ է արվեց նախորդ տարվա օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը, մեկ տարի առաջ կայացած դեսպանաժողովին քննարկման առարկա դարձած ոլորտներում արձանագրված արդյունքներին:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, մեկ շաբաթից Բրյուսելում կայանալիք Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին», - ասված է հաղորդագրությունում, - «Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ տվեց միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքների վերաբերյալ»:

Հանդիպմանը հատուկ շեշտադրում է արվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի, միջխորհրդարանական կապերի զարգացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, տեղեկատվական դաշտում աշխատանքների վրա։

Խորհրդակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցրել դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG