Մատչելիության հղումներ

Եվրամիությանը այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակ կշնորհվի


Նորվեգիա - Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարում է Խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը շնորհելու մասին, Օսլո, 12-ը հոկտեմբերի, 2012թ.

Նորվեգիա - Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարում է Խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը շնորհելու մասին, Օսլո, 12-ը հոկտեմբերի, 2012թ.

2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրոպական մայրցամաքում շուրջ 6 տասնամյակ ժողովրդավարություն եւ խաղաղություն երաշխավորող կառույցին` Եվրոպական Միությանը:

«70 տարվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան 3 անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջեւ պատերազմն աներեւակայելի է: Սա վառ ապացույցն է այն բանի, թե մեծ ջանքերի եւ համագործակցության միջոցով պատմական թշնամիներն ինչպես են դառնում մտերիմ գործընկերներ», - ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Խաղաղության մրցանակ շնորհող հանձնաժողովը մրցանակակրին ընտրելիս կարեւորել
է նաեւ ԵՄ ջանքերը Հունաստանում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ժողովրդավարության կայացման, Բալկաններում խաղաղության հաստատմանը նպաստելու եւ էթնիկ հակամարտությունների լուծման հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի խոսքով` այս մրցանակը թույլ է տալիս մտածել, որ ԵՄ-ն աշխարհում խաղաղություն ստեղծող ամենամեծ մարմինն է: Թեեւ թերահավատները հիշեցնում են, որ այժմ ԵՄ-ն իր պատմության մեջ ամենածանր տնտեսական ճգնաժամն է ապրում:

Օսլոյում են այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հետաքրքրական է, որ ԵՄ տնտեսական ճգնաժամի այս օրերին 1,2 մլն դոլար արժողությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը այսօր հանձնվում է ճգնաժամից հեռու, նավթով հարուստ Նորվեգիայում, որի ժողովուրդը 2 անգամ հանրաքվեով դեմ է քվեարկել Եվրամիությանը միանալուն:

Քննադատներն ասում են, որ մրցանակը մարդու փոխարեն Եվրամիությանը հանձնելու միտքը ծիծաղելի է եւ անարդար, այն վտանգում է Խաղաղության Նոբելյան մրցանակի կարեւորությունն ու դեմ է Ալֆրեդ Նոբելի գաղափարին:

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն էլ ասում է, որ սա կօգնի ընկալել Եվրամիությունը որպես հույսի խորհրդանիշ․ միասին ճգնաժամ հաղթահարելն ավելի դյուրին է:

Եվ չնայած քննադատներին՝ Եվրամիությանը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու կողմնակիցները հիշեցնում են` իր 60 տարվա պատմության ընթացքում ԵՄ-ն ընդլայնվել է մինչեւ 27 երկիր եւ ազգություն ներկայացնող, 500 մլն բնակչությամբ բլոկի, որին միանալուն անհամբերությամբ սպասում են անգամ տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում:
XS
SM
MD
LG