Մատչելիության հղումներ

logo-print
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։

Այն, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ըստ էության, չհերքեց նաեւ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նա ասաց, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե պաշտոնական որեւէ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում։

Նկատենք, որ շաբաթ օրը երկրի ղեկավարի հետ կայացած հանդիպումը ուշագրավ է հատկապես այն առումով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջիկա օրերին պետք է հայտարարի՝ ի վերջո, առաջադրո՞ւմ է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։

Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը վճռորոշ ազդեցություն է ունենալու Գագիկ Ծառուկյանի որոշման վրա:

Ըստ որոշ լրատվամիջոցների, այսօր ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է անցկացնելու, որտեղ Գագիկ Ծառուկյանը հրապարակելու է իր որոշումը: Ծառուկյանի խոսնակը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե որեւէ նիստ նախատեսված չէ, եւ Ծառուկյանն էլ որեւէ հայտարարությամբ այսօր հանդես չի գալու:

Ստեղծված անորոշությունը ստիպում է լրատվամիջոցներին իրարամերժ պնդումներ անել: Մի մասը պնդում է, թե Ծառուկյանը «փոշմանել է» եւ չի առաջադրվելու, մյուս մասի կարծիքով` ետքայլի հնարավորություն չկա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ Ազգային ժողովում ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:

Կուսակցության նախագահի առաջադրման հնարավորության մասին ԲՀԿ-ն ակնարկել էր նաեւ Ծառուկյանի բյուսելյանը հանդիպումներից հետո տարածած հաղորդագրության մեջ, որում փոխանցվում էր, թե Եվրախորհրդարանի փոխնախագահը նրան համարել էր հիանալի թեկնածու: Ծառուկյանն էլ իր հերթին Հայաստանի իշխանություններին մեղադրել էր կոռումպացվածության մեջ` ասելով, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը:

«Ծառուկյանն արդեն անցել է ռուբիկոնը»

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի առաջադրման շուրջ ստեղծված անորոշ իրավիճակին, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջիկայում պարզ կդառնա` արդյոք Գագիկ Ծառուկյանը մնում է քաղաքականության մեջ, թե` ոչ: Ըստ քաղաքագետի` Ծառուկյանն արդեն անցել է ռուբիկոնը, եւ դա արել է Բրյուսել կատարած այցի ժամանակ:

«Եթե այս բոլորից հետո կուսակցությունը հրաժարվեց սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելուց, դա հավասարազոր է, որ ստորագրի իր քաղաքական ասպարեզից հեռանալու վճռի տակ», - ասաց քաղաքագետը:

Հովհաննիսյանն ասում է` եթե Գագիկ Ծառուկյանն անձամբ չառաջադրվի, բայց ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով, դա էլի հասկանալի կլինի: Բայց եթե խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը որոշում կայացրեց ընդհանրապես թեկնածու չունենալ, ապա այդ դեպքում, ըստ քաղաքագետի, ԲՀԿ-ն պետք է ներողություն խնդրի իր կես միլիոն ընտրողներից:

«Ես կարծում եմ, որ Ծառուկյանը կառաջադրվի», - կանխատեսում է Հովհաննիսյանը:

Հարցին, թե Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո հնարավոր համարո՞ւմ է, որ Ծառուկյանը որոշի չառաջադրվել, քաղաքագետը պատասխանեց. - «Կոնֆուցիոսը ասում էր, որ քանի դեռ խոսքը քո փորում է, նա է քո հպատակը, երբ խոսքը դուրս է գալիս քո փորից, դու ես դառնում այդ խոսքի պատանդը: Գագիկ Ծառուկյանը ասում էր` իմ խոսքը գործ է: Խոսքը ասվել է, ասվել է Բրյուսելում: Այդ բանից հետո երբ այդ հայտարարությունները արվել են Եվրամիության համար առաջին դեմքերի հետ շփումների ընթացքում, գալ եւ համոզվել, որ ինքը չպետք է մասնակցի ընտրություններին, եւ զորօրինակ, պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանին, եւ դրանից հետո հավակնել մնալ քաղաքական ասպարեզում, ուղղակի միամտություն է: Թե ինչ են խոսել Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, դա երկրորդ հարցն է: Ես ասում եմ, որ կան քաղաքական դաժան չափանիշներ, եւ այդ չափանիշներին պետք է համապատասխանեցնել սեփական քայլերը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG