Մատչելիության հղումներ

Տուժողը «կոնկրետ անձի հետ կապված» բողոք չունի


Armenia -- "Harsnakar" restaurant in Yerevan, undated

Armenia -- "Harsnakar" restaurant in Yerevan, undated

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատաքննությունը:

Գործով տուժող Արկադի Աղաջանյանին ակնհայտորեն նյարդայնացրին պաշտպանական կողմի հարցերը: Շատ դեպքերում կրկնվող, հաճախ տուժողի ներկայացուցիչների եւ մեղադրողի առարկություններին արժանացած հարցադրումների ձեւակերպումների առնչությամբ տուժողը ստիպված եղավ հիշեցնել, որ, ի վերջո, իր ընկերը՝ Վահե Ավետյանը մահացել է իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ «Հարսնաքար» գնալու հետեւանքով:

«Հարսնաքար»-ի գործով ցուցմունք տվող վերջին՝ չորրորդ տուժողը հայտնեց, որ «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում ռազմական բժիշկներին ծեծողները մոտ տասնհինգ հոգի էին: Արկադի Աղաջանյանը պատասխանեց հարցին, թե ինչից սկսվեց ռեստորանային համալիրի տարածքում ծեծը, որի հետեւանքով մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

«Երեւի մատուցողը ուզում էր բարձրանար ամենավերջին աստիճանին․․․ չգիտեմ», - նշեց Աղաջանյանը: Տուժողն ասաց՝ երբ մատուցող Դավիթը՝ ամբաստանյալ Դավիթ Ադամյանը, Վահե Ավետյանին դուրս հրավիրեց, սրահի մուտքի մոտ Վահե Ավետյանին հավածելուց հետո իրեն այնպես էր պահում, «ոնց որ իր կյանքում հասավ մի հաջողության»:

Տուժող Արկադի Աղաջանյանը, պատասխանելով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպանի հարցին, ասաց ՝ չի տեսել ով է իրեն հարվածել, նշեց, թե ավտոկայանատեղիում իրենց ծեծող տասնհինգ անձանց մեջ տեսել է ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած վեց անձանց:

Արկադի Աղաջանյանը պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս ասաց, թե որեւէ կոնկրետ անձի հետ կապված բողոք չունի:

Հայրապետյանի թիկնապահ լինելը՝ զրպարտությո՞ւն

Այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արման Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա, մասնավորապես, իր դժգոհությունն արտահայտեց այն կապակցությամբ, որ, ըստ ամբաստանյալի, տուժողների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը, վկայակոչելով իրեն, մամուլին ասել է, թե Կյաժը, այսինքն նույն ինքը՝ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է:

Ամբաստանյալը հարկ համարեց նշել, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չէ:

Մինչդեռ Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ թե՛ Արման Խաչատրյանը, թե՛ մյուս ամբաստանյալներն իրենց ցուցմունքներում նշել են, որ Աման Խաչատրյանը հանդիսանում է Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը:

Խաչատրյանի պաշտպանն անգամ միջնորդեց փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել:

Մեղադրող Արթուր Դավթյանը բացատրեց, որ դատարանը կարող է սանկցիա կիրառել միայն դատաքննության ժամանակ տեղի ունեցած խախտման համար, իսկ Եգորյանը նման խախտում չի կատարել:

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն ավելացրեց, որ եթե Լալայանը կարծում է, որ եղել է զրպարտություն, կարող է դիմել դատարան:

«Այդ դեպքում որպես զրպարտություն կամ վիրավորանք պետք է դիտել Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ լինելը», - կարծիք հայտնեց փաստաբանը:

Դատավոը մերժեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 10-ին:
XS
SM
MD
LG