Մատչելիության հղումներ

logo-print

Սենատը հաստատեց «Մագնիտսկու ցուցակը»


ԱՄՆ - Սենատի շենքը Վաշինգտոնում, 28-ը հոկտեմբերի, 2006թ․

ԱՄՆ - Սենատի շենքը Վաշինգտոնում, 28-ը հոկտեմբերի, 2006թ․

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 6-ին հաստատեց Մագնիտսկու ցուցակում ընդգրկված ռուսաստանցի 60 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը:

Ցուցակում ընդգրկված հիմնականում ուժային կառույցների ու դատական համակարգի ներկայացուցիչները, իրավապաշտպանների պնդմամբ, առնչություն ունեն ռուսաստանցի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործին, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումներին:

Պատժամիջոցները նախատեսում են արգելել նրանց մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ սառեցնել նրանց հաշվեհամարները ամերիկյան բանկերում:

Ավելի վաղ՝ այս տարվա նոյեմբերին, օրինագիծը ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Սենատում հաստատվելուց հետո, ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրվի ԱՄՆ-ի նախագահի կողմից: Բարաք Օբաման ասել էր, թե կստորագրի օրինագիծը:

Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը ասել է, որ Սենատի որոշումը Կրեմլին ուղղված հստակ հաղորդագրություն է: Նա ասել է, որ Սերգեյ Մագնիտսկին արդարադատության, արդարության եւ օրենքի գերակայության առաջամարտիկը դարձավ Ռուսաստանում, որտեղ այդ սկզբունքները կորցրել են իրենց իմաստը: - «Մենք ազդանշան ենք ուղարկում Վլադիմիր Պուտինին եւ ռուսական ավազակապետությանը, որ մարդու իրավունքների այսպիսի խախտումները չեն հանդուրժվի ու համապատասխան կերպով արձագանք կտրվի», - հայտարարել է սենատորը։

Ռուսաստանը իսկույն արձագանքեց Սենատի որոշմանը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Մոսկվան եւս կորոշի արգելել ամերիկացի այն պաշտոնյանների մուտքը Ռուսաստան, ովքեր, ըստ Լավրովի, խախտել են մարդու իրավունքները: Լավրովն ասել է, որ այս մասին տեղեկացրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ Դուբլինում կայացած հանդիպմանը:

Այսօր ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ի Սենատի ընդունած որոշումը շատ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա:

«Դա աբսուրդի թատրոնի ներկայացում էր, կամ էլ Վաշինգտոնում մոռացել են, թե որ թվականն է հիմա եւ շարունակում են կարծել, թե սառը պատերազմը չի ավարտվել»,- ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009 թվականի նոյեմբերին Մոսկվայի մեկուսարանում: Նա կոռուպցիոն մի գործ էր բացահայտում բյուջեից 230 միլիոն դոլարի չափ գումար յուրացնելու կասկածանքով, բայց Ռուսաստանի իշխանությունները հենց նրա դեմ գործ հարուցեցին հարկերից խուսափելու մեղադրանքով: Իրավապաշտպանների պնդմամբ, մեկուսարանում նա ճնշումների, բռնությունների էր ենթարկվում, նրան բժշկական օգնություն չէր ցուցաբերվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG