Մատչելիության հղումներ

3 միլիոն դրամ` մեկ սենյականոց բնակարանի փոխարեն


Տեսարան Լոռու մարզկենտրոն Վանաձորից

Տեսարան Լոռու մարզկենտրոն Վանաձորից

Լոռու մարզում 1988-ի երկրաշարժից տուժած 311 ընտանիքների, կառավարության որոշմամբ, մեկ սենյականոց բնակարանի փոխարեն կտրամադրվի 3-ական միլիոն դրամ:

Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանի կարծիքով, այդ խնդիրը ֆինանսական աջակցության միջոցով լուծելը «լավագույն տարբերակն է»:

«Եթե գնար բնակարանների գնման վկայագրերի տարբերակով, այդ գումարը ավելի ցածր կլիներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասլանյանը` շարունակելով. - «Մյուս կողմից էլ` մեր շուկայում չկան 300 մեկ սենյականոց բնակարաններ ամբողջ մարզի տարածքում: Այսինքն դա կլիներ ի սկզբանե ձախողված, չիրականացվող ծրագիր»:

Մարզպետի խորհրդականը տեղեկացրեց, որ 169 ընտանիքներ «արդեն հրամանագրված են», մոտ 130 գործ «ուսումնասիրության ընթացքի մեջ է», եւ հավելեց, որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:

Շահառու ընտանիքներից շատերը կողմ են ֆինանսական աջակցությանը, թեեւ քիչ չեն նաեւ մարդիկ, ովքեր կգերադասեին բնակարան ստանալ:

«Կարող է 3 միլիոնը տուն գնելու համար բավարար չլինի: Եթե տուն լինի, ավելի լավ կլինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին:

Բնակարաններ տրամադրվում են նրանց, ովքեր երկրաշարժի ժամանակ կորցրել են իրենց բնակարանները կամ այն քանդման ենթակա է:

Ծաղկաբեր գյուղում շատերն են բողոքում, որ իրենց տները քանդման ենթակա (4-րդ կարգի վթարային) չեն ճանաչում, եւ իրենք որեւէ օժանդակություն չեն ստանում:

Ավերիչ երկրաշարժից 24 տարի անց Լոռու մարզի քաղաքային համայնքներից Ստեփանավանում բնակարանային խնդիրը, մարզպետի խորհրդարանի խոսքով, ամբողջությամբ լուծվել է, Սպիտակում մնացել են միայն մեկ սենյականոց բնակարանների շահառուները, իսկ Վանաձորում կառուցվել է բազմաբնակարան շենք, որ պատրաստ կլինի 2013 թվականին:
XS
SM
MD
LG