Մատչելիության հղումներ

Քլինթոնը Պուտինին մեղադրում է ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձի մեջ


Իռլանդիա -- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Դուբլինի քաղաքային համալսարանում, Դուբլին, 6-ը դեկտեմբերի, 2012թ․
Իռլանդիա -- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Դուբլինի քաղաքային համալսարանում, Դուբլին, 6-ը դեկտեմբերի, 2012թ․
Նախկին Խորհրդային Միության տարածքում նոր Եվրասիական միություն ստեղծելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկից մեկ տարի անց Վաշինգտոնը բաց տեքստով հայտարարում է, թե այն միտված է նախկին Խորհրդային Միությունը վերականգնելուն։ Ավելին՝ Միացյալ Նահանգները խոստանում է անել հնարավորը՝ Ռուսաստանի առաջնորդի գովազդած այդ գաղափարը ձախողելու համար։ Այս մասին, մասնավորապես, երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Դուբլինում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքում։ Անդ որում, բավական կոշտ այս հայտարարությունները հնչել են Ռուսաստանի արտգործնախարարի հետ նախատեսված հանդիպումից ժամեր առաջ, ինչից կարելի է եզրակացնել, որ կողմերը շարունակել են այս հարցի շուրջ քննարկումները փակ դռների ետեւում։

«Այժմ միտում կա տարածաշրջանը կրկին սովետականացնելու ուղղությամբ։ Այն կարող է կոչվել Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ դրա նման մի բան, սակայն եկեք ինքներս մեզ չխաբենք՝ մենք հստակ գիտենք ինչ նպատակ է դա հետապնդում եւ արդյունավետ միջոցներ ենք որոնում այդ շարժումը դանդաղեցնելու կամ կասեցնելու համար», - ասել է Քլինթոնը:

Ընդ որում, Քլինթոնը նշել է, որ այս ինտեգրացիոն շարժմանը զուգընթաց, Մոսկվայի քաղաքականությունը պաշտպանող վարչակազմերը նաեւ սաստկացրել են իրենց բռնապետական քաղաքականությունը՝ ավելացնելով ճնշումները քաղաքացիական հասարակության եւ օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ։

«Անհանգստացնող է, որ Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց առաջընթացի ուղղությամբ այդչափ հույսեր չեն արդարացել, մենք փորձում ենք կռիվ տալ դրա դեմ, սակայն,այդ կռիվը շատ դժվար է», - խոստովանել է պետքարտուղարը, ով նշել է, որ Վաշինգտոնի փորձերը Բեռալուսում հաջողությամբ չեն պսակվել, Ուկարինան դարձել է ամենամեծ հիասթափություններից մեկը։

Հայտարարությանը անմիջապես հետեւել է Ռուսաստանի արձագանքը։ Նախագահ Պուտինի խոսնակը, մասնավորապես, հայտարարել է, թե Քլինթոնի մեկնաբանությունը իրավիճակի լիակատար թյուրըմբռնում է։

«Մենք այս գործընթացը տեսնում ենք որպես ինտեգրացիայի նոր ձեւ, որը հիմնված է միայն տնտեսական բաղադրիչի վրա։ Ինտեգրացիայի որեւէ այլ ձեւ անհնար է այսօր», - պնդել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Financial Times-ը Քլինթոնի հայտարարության առնչությամբ մեկնաբանում է․ - «Պետքարտուղարի հայտարարության տոնայնությունից կարելի էր եզրակացնել, որ Միացյալ Նահանգներն այժմ մտածում է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնելու քաղաքականությունը, որի ընթացքում Վաշինգտոնը մեղմել էր քննադատությունը մարդու իրավունքների ոտնահարումների շուրջ եւ Մոսկվան կարծես անսահմանափակ հնարավորություններ էր ստացել նախկին Խորհրդային Միության տարածքում»: Թերթի հետ զրույցում փորձագետ էնդրյու Վեյսը, ով նախկին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք աշխատել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդում, ասել է․ - «Պուտինը նախագահության վերադառնալիս պարզորոշ նշեց, որ ուզում է ամրապնդել Ռուսաստանի դիրքերը հարեւան երկրներում, սակայն ակնհայտ է, որ նորանկախ երկրների քաղաքական էլիտաները առայժմ առանձնապես մեծ ոգեւորություն ցույց չեն տալիս իրենց ինքնավարությունը Մոսկվային հանձնելու հարցում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG