Մատչելիության հղումներ

Ղուկասյանի փեսայի սպանության գործի նախաքննությունն ավարտված է


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունից, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որով 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով ձերբակալված Հարություն Սարգսյանին սպանության եւ ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքներ են առաջադրված:

Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 12-ին, երբ Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրիի քաղաքապետն էր: Ոստիկանությունն անմիջապես տարածեց տեղեկատվություն այն մասին, որ Ղուկասյանի դստեր փեսացուն առավոտյան ժամը 9-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել էր իր «Մերսեդես 200» մակնիշի ավտոմեքենան եւ անհետ կորել. նույն օրը երեկոյան ժամը 20։10-ի սահմաններում Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարեւանությամբ «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր Եսայանի դիակը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Նույն օրը պետք է կայանար Կարեն Եսայանի եւ նախկին քաղաքապետի դստեր նշանադրությունը: ԱՄՆ-ում բնակվող Եսայանը ամուսնանալու նպատակով էր եկել Գյումրի: Նրա սպանությունից անմիջապես հետո Հարություն Սարգսյանը ձերբակալվեց: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, սպանության շարժառիթը եղել է Կարեն Եսայանի հարսնացուի` Մանյա Ղուկասյանի նկատմամբ Հարություն Սարգսյանի համակրանքը: Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ այդ աղջկա հետ, սակայն տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը այլ անձի հետ է ամուսնանում, որոշել է վրեժխնդիր լինել` «Կարեն Եսայանին սպանելու եւ նշանադրության արարողությունը խափանելու միջոցով»:

«Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է: Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու եւ իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը եւ ուղեւորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի», - նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ չկան սպանությանը Սարգսյանի առնչությունը փաստող ապացույցներ. - «Տարածված հաղորդագրությունը չի համապատասխանում մեղադրանքի բովանդակությանը: Ինչ վերաբերում է Հարություն Սարգսյանին, նա իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին, պարզ է, որ քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որ Հարություն Սարգսյանն առնչություն ունի Կարեն Եսայանի սպանության հետ»:

Լուսինե Սահակյանը ընդգծեց, որ քրեական գործում առկա զենքը «ակնհայտ ապօրինի էր հայտնվել այս գործում եւ ընդհանրապես ոչ մի առնչություն չուներ այս քրեական գործի հետ»:

Ինչ վերաբերում է մատնահետքերին. - «Կարեն Եսայանի ավտոմեքենայի վրա առկա մատնահետքերը չեն համապատասխանել Հարություն Սարգսյանի մատնահետքերին: Բազմաթիվ փորձաքննություններ են կատարվել, Սարգսյանի բոլոր մտերիմներից մատնահետքեր են վերցվել, սակայն այդ մատնահետքերը չեն համապատասխանել նաեւ նրանցից ոչ մեկի մատնահետքերի հետ: Այսինքն ակնհայտ է, որ գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ Հարություն Սարգսյանը չէր էլ կարող նույնիսկ առնչություն ունենալ այս քրեական գործի հետ», - նշեց փաստաբանը, հայտարարելով, որ Վարդան Ղուկասյանի դստերը համակրելու մասին պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. - «Հարություն Սարգսյանը Մանյա Ղուկասյանին ընդհանրապես չի ճանաչում, նրանց մեջ որեւէ համակրանք չի եղել, Հարություն Սարգսյանը նրա հետ ամուսնանալու որեւէ մտադրություն չի ունեցել, եւ մեզ համար անհասկանալի է, թե ինչու է նման բովանդակությամբ մեղադրանք առաջադրվել նրան»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են հենց նրան քրեական հետապնդման ենթարկում, փաստաբանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել, թե ինչու հատկապես կանգ առան Հարություն Սարգսյանի վրա, բայց կարող եմ ասել, թե ինչու է սույն քրեական գործն ուղարկվել դատարան: Որովհետեւ ի սկզբանե, երբ Հարություն Սարգսյանը ձերբակալվել էր, ՀՀ ոստիկանապետը հայտարարեց, որ սպանությունը բացահայտված է: Ակնհայտ էր, որ այդ ուղուց ետդարձ չէր կարող լինել եւ իրական մարդասպանը չէր ձերբակալվելու եւ չէր կալանավորվելու»:

Սպանված Կարեն Եսայանի իրավահաջորդների ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ մեղադրանք ճիշտ մարդու է առաջադրված, թեեւ մահացածի հարազատներն էլ են դժգոհ նախաքննությունից. - «Գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող եմ միանշանակ հայտարարել, որ ճիշտ անձի է մեղադրանք առաջադրված, գործում բազմաթիվ ապացույցներ կան: Մարդ, ով մի քանի օր շարունակ հետեւում է մի անձի, ուրեմն կոնկրետ նպատակից ելնելով է հետեւում, հենց այնպես ինչ-որ մեկին չեն հետեւում: Տեսախցիկներով ֆիքսված է, թե ինչպես է Կարենը ներս մտնում, Կարենի հետեւից նա է ներս մտնում, Կարենը դուրս է գալիս, Կարենի հետեւից ինքն է դուրս գալիս, եւ այդպես օրեր շարունակ: Իսկ դրա պատասխանը մեղադրյալը չի տալիս. ինչո՞ւ էր հետեւում։ Լավ, ինքը չէր՝ ապա ո՞վ էր, եւ ի՞նչ նպատակ էր ինքը հետապնդում հետեւելու համար. գործում բոլոր ապացույցները երեւում են»։

«Ուղղակի մեղադրյալը մենակ չի եղել, ենթադրում ենք, որ նրան օգնող է եղել, իսկ նախաքննական մարմինն այդպես էլ այդ հարցի պատասխանը չտվեց: Նախաքննությունից շատ դժգոհ ենք՝ ամբողջ ծավալով չի բացահայտվել հանցագործությունը», - հայտարարեց փաստաբանը:

Վարդուհի Էլբակյանը հաստատեց, որ մեղադրյալ Հարություն Սարգսյանն ու Վարդան Ղուկասյանի դուստրը միմյանց չեն ճանաչել: Կարեն Եսայանը Գյումրիում չի բնակվել եւ որեւէ թշնամի չի ունեցել: Հետեւաբար, սպանության դրդապատճառները տուժող կողմի համար էլ դեռ անհասկանալի են:
XS
SM
MD
LG