Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը միանշանակ ընկալելի թեկնածու է եվրոպական կառույցների համար, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Եվրաինտերգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ցույց տվեց բրյուսելյան այցելությունը:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Զոհրաբյանը պատասխանեց, թե այդ մասին կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ: Զոհրաբյանը, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության հետ երեկ է վերադարձել Բրյուսելից, ասում է, որ այդ այցը անցել է բացառիկ հաջող, եվրոպական կառույցների ներկայացուցիչների տպավորությունները բացարձակապես դրական են թե' Գագիկ Ծառուկյանից, թե' կուսակցությունից:

Անդրադառնալով իշխող Հանրապետականի այն հայտարարություններին, թե իրականում եվրոպական կառույցների ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերվում Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին, Զոհրաբյանն ասաց, թե այդ ամենը ցույց է տալիս, որ իշխող ուժը ուղղակի խուճապի մեջ է:

«Խորհուրդ կտայի մարդկանց, որոնք անասելի խուճապի մեջ են, խուճապը թող չմթագնի բարեկրթությունը եւ քաղաքական կոռեկտությունը: Խուճապի պատճառի մասին երեւի թե իրենց պետք է հարցնեք, երեւի ինչ-որ բան գիտեն, ինչ-որ բան կանխազգում են», - ասաց նա:

Զոհրաբյանն ասաց` պետք է շնորհակալություն հայտնեն իշխող ուժին ԲՀԿ-ի այցի «աննախադեպ PR-ը նման մակարդակով կազմակերպելու համար»:

«Նույնիսկ եվրաչինովնիկներն էին տեղեկացված այդ անասելի աղմուկի մասին, որը բարձրացել է մեր այցի շուրջ եւ իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվել, որ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը ալեկոծված էր Գագիկ Ծառուկյանի պատվիրակության բրյուսելյան այցի շուրջ: Եթե մենք նույնիսկ շատ ջանայինք, նման համաշխարհային նշանակություն չէինք կարող տալ մեր այցին, ինչպես դա արեցին այստեղ», - ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, երեկ իշխող ՀՀԿ-ը «ամոթալի» էր որակել ԲՀԿ-ի բրյուսելյան հաղորդագրությունը, որտեղ Գագիկ Ծառուկյանը Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել էր կոռումպացվածության մեջ: Այսօր Զոհրաբյանին հարցրեցինք, թե կոնկրետ ո՞ւմ է նկատի ունեցել Ծառուկյանը:

«Խոսքը գնում է համակարգի մասին, ինչի մասին մենք խոսել ենք բազմիցս: Իսկ եթե իրենք փորձել են դա անձնավորել եւ փորձում են տեղափոխում են այլ դաշտը, ապա խնդիրը բացառապես իրենց է», - ասաց Զոհրաբյանը. - «Նա նկատի է ունեցել, որ Հայաստանում կոռուպցիան լրջագույն համակարգային աղետ է եւ իրավունք չունեն կոռուպցիայի հանձնաժողովներով, հակակոռուպցիոն պայքարով զբաղվեն մարդիկ, որոնց աշխատանքը արդյունք չի տալիս: Ընդամենը այս մասին է խոսքը»:

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը իր հարստության մի զգալի մասը կուտակել է 1998-2008 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում։ Կարծիքներ կան, որ Ծառուկյանը մինչեւ այժմ շարունակում է ջերմ հարաբերություններ պահպանել նախկին նախագահի հետ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները բազմիցս քննադատել են Գագիկ Ծառուկյանին՝ նրան մեղադրելով իշխանական լծակները հարկերից խուսափելու նպատակով օգտագործելու մեջ։ Ծառուկյանը հերքում է նման մեղադրանքները։

ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ Գագիկ Ծառուկյանի այցի հետ կապված իշխանությունները լուրջ ճնշումներ են կիրառել Եվրամիություն Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցի նկատմամբ, ով Զոհրաբյանի խոսքով` զրոյական մասնակցություն է ունեցել Ծառուկյանի բրյուսելյան այցը կազմակերպելու գործում: Ավետ Ադոնցը ընդամենը օդակայանում դիմավորել է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած պատվիրակությանը, որից հետո, ըստ Զոհրաբյանի, իրենք դեսպանին չեն տեսել:

Մինչդեռ մամուլը գրել էր, թե Ադոնցը լուրջ դերակատարություն է ունեցել Ծառուկյանի բրյուսելյան այցը կազմակերպելու գործում: Նկատենք, որ Ադոնցը 2007 թվականին ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր էր դարձել, որից հետո դեսպան էր նշանակվել:

«Ավետ Ադոնցը զրոյական մասնակցություն անգամ չի ունեցել մեր այցի կազմակերպմանը: Ավելին` այցից ընդամենը երկու օր առաջ եմ ես` ինքս, անձնապես Ադոնցին ուղարկել արդեն նախապես ծրագրված, պայմանավորված եւ ֆիքսված հանդիպումների գրաֆիկը: Արարողակարգը պահանջում էր, որ մեր դեսպանը տեղյակ լինի, եւ դեսպանությունը իր պարտականությունները կատարի այդ այց ժամանակ: Ցավոք սրտի, որքան հասկացա, ճնշումները այնքան մեծ են եղել դեսպանի վրա, որ նույնիսկ այն արարողակարգային խնդիրներ, որոնք պիտի իրականացներ դեսպանությունը, ուղղակիորեն չիրականացվեցին», - ասաց պատգամավորը:

Մեկնաբանելով այն լուրերը, թե Ադոնցը կարող է անգամ ետ կանչվել` Զոհրաբյանն ասաց. - «Ես կարծում եմ, որ իշխանությունները հրաշալի տեղյակ են, որ Ադոնցը զրոյական մասնակցություն է ունեցել այս հանդիպումների կազմակերպմանը, ուստի եթե խնդիր ունեն Ադոնցի հետ եւ սա ընդամենը պատրվակ է Ադոնցի հետ իրենց խնդիրները լուծելու համար, խորհուրդ կտամ ԲՀԿ-ին այստեղ չորոնել»:

Բելգիայում Հայաստանի դեսպանատնից հաղորդում են, որ դեսպան Ավետ Ադոնցը հերքում է իր նկատմամբ իշխանությունների կողմից ճնշումներ բանեցնելու մասին հայտարարությունը` համարելով դա «անհեթեթություն»: Դեսպանը ընդգծել է, որ ինքը գործում է բացառապես արտաքին գործերի նախարարության հանձնարարականների հիման վրա:

Հավելենք, որ գարնանը նախատեսված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցը ԱՄՆ: Ըստ Զոհրաբյանի` ԲՀԿ ղեկավարը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի Սենատում, թե կոնկրետ ում հետ, այս պահին ճշտվում է:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG