Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի ճեպազրույցներում լրագրողների հարցերի մեծ մասը վերաբերում էր առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելիք թեկնածություններին:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի բնորոշմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը «մեր հասարակության, հայ ժողովրդի, Արեւելյան Հայաստանի, Արեւմտյան Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հավաքական թեկնածուն է»:

Ազգային ժողովի ճեպազրույցներում Փոստանջյանի այս հայտարարության վերաբերյալ լրագրողների խնդրանքով իրենց կարծիքները հնչեցրեցին քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչները:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, օրինակ, չի կարծում, թե «սահմանի վրա Ջավախքի ժողովուրդը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմանը»:

«Լավ է, որ հարեւան երկրների մասին բան չի ասել», - հավելեց Սահակյանը:

Հարցին, թե ո՞ւմ թեկնածուն է Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց` ՀՀԿ-ի: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ընդլայնեց սահմանը` նշելով, որ Սերժ Սարգսյանը կոալիցիայի միասնական թեկնածուն է:

«Գործող նախագահը երկար անցած ճանապարհ ունի, եւ նրա հետագիծը բավականին քաղաքական է եւ լուրջ է: Այլ թեկնածուների մասին նույնիսկ չեմ էլ մտածել», - հավելեց Բիշարյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի եւ դրա նախագահ Գագիկ Ծառուկյանի եվրոպական հանդիպումներից «Օրինաց երկիր»-ը, Բիշարյանի փոխանցմամբ, երկու բացահայտում է արել. - «Որ [Գագիկ Ծառուկյանը] առաջադրվելու [նախագահական ընտրություններ], եւ որ իրենք ընդդիմադիր են»:

«Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները կարծում եմ, որ երկրի կարեւորագույն խնդիրները (այժմ ԲՀԿ-ական, նախկինում արտգործնախարար Վարդան Օսկանյանի ձեւակերպմամբ` կեղտոտ սպիտակեղենը) Գագիկ Ծառուկյանի կողմից եվրոպացիների հետ քննարկման առարկա դարձնելու հարցը պետք է մտնի Ազգային անվտանգության խորհրդի օրակարգ:

«Ցանկացած հայտարարություն երկրի սահմաններից դուրս, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրներին, պետք է պատասխանի Անվտանգության խորհուրդը: Դրա համար է ձեւավորված Անվտանգության խորհուրդը», - հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

Զարուհի Փոստանջյանը բացառեց, որ Ծառուկյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն. - «Գագիկ Ծառուկյանին ես որեւէ կերպ չեմ տարանջատում Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից: Իմ համար նա կերպավորում է օլիգարխ հասկացողությունը»:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ ասաց. - «Հիմա կարելի է. օրինակ, պրայմերիզի մասին խոսել ընդդիմադիր դաշտում: Օրինակ, վատ չէր լինի, եթե կարողանայինք ժողովրդի տեսակետը ստանայինք միացյալ թեկնածուի հետ կապված»:

Ռուստամյանը հավելեց, որ ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետանոց օրակարգն ընդունելու դեպքում Գագիկ Ծառուկյանը նույնպես կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածուն:

ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանն ասաց, որ երկրի միակ փրկությունն ընդդիմության միավորումն է, հակառակ դեպքում արտագաղթի տեմպերն աճելու են. - «Եթե մենք չկարողանանք օրակարգ ձեւավորել, հավատացեք ինձ` թեկնածուի հարց չի կարող լինել»:

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ը վերջին օրերի զարգացումներով արդյոք անցավ այլընտրանքի սահմանը եւ վերածվեց ընդդիմության, Գալուստ Սահակյանն արձագանքեց. - «Ախր դրա սահմաններն էլ չկան, մարդիկ, որ մի քիչ ազարտի մեջ են ընկնում, անսահմանափակ են դառնում»:
XS
SM
MD
LG