Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ այսօր առավոտյան Նուբարաշենի 5-րդ փողոցի թիվ 17 տան դիմաց հայտնաբերվել է 1972 թվականին ծնված Վարդան Խաչատրյանի դիակը` հրազենային վնասվածքով:

Փաստի կապակցությամբ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, այն է` ինքնասպանության հասցնելը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի, այն է` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Վարդան Խաչատրյանի դին հայտնաբերվել է պաշտպանության նախարարությանը պատկանող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի մեջ` կրծքավանդակի ձախ շրջանում հրազենային վնասվածքով: Դարձյալ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` կրակված պարկուճը «Տոզ» տեսակի ատրճանակի է:

Վարդան Խաչատրյանը ենթասպա էր եւ պայմանագրային հիմունքներով ծառայում էր Նուբարաշենի զորամասերից մեկում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG