Մատչելիության հղումներ

Հեֆերնը Գլենդեյլում հանդիպել է ՍԴՀԿ-ի ներկայացուցիչներին


Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ներկայացնող պատվիրակությունը` Արեւմտյան Ամերիկայի վարիչ մարմնի ատենապետ Վազգեն Խոտանյանի գլխավորությամբ եւ կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին Գլենդեյլում հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում ՍԴՀԿ-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում քաղաքական բարեփոխումների դանդաղ ընթացքի եւ տնտեսական անարդարության կապակցությամբ: Նրանք պահանջել են, որպեսզի Միացյալ Նահանգները շարունակի Հայաստանի իշխանությունների մոտ շեշտել այնպիսի մթնոլորտի ստեղծման կարեւորությունը, որը հնարավորություն տա երկրի սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացման:

Դեսպանը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հետեւողական է իր քաղաքականության մեջ` Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների հաստատման գծով, ու այս ուղղությամբ համագործակցում է կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ` այդ սկզբունքները առաջ մղելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի հարցով ՍԴՀԿ-ի պատվիրակությունը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ոճրագործի ազատ արձակումը, ռազմաշունչ հայտարարությունները եւ թշնամական գործողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության գլխավոր պատճառներն են։

Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերություններին, ապա դեսպանը, ըստ հաղորդագրության, համաձայնել է պատվիրակության հետ, որ թուրքական կառավարությունը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը` առանց նախապայմանների:

ՍԴՀԿ-ի ներկայացուցիչները նաեւ դեսպանին են փոխանցել իրենց մտահոգությունը սիրիահայության ծանր վիճակի կապակցութեամբ: Ջոն Հեֆերնը ասել է, որ Պետդեպարտամենտը լավատեղյակ է տիրող վտանգին, եւ այդ հարցը իրենց ուշադրության ներքո է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG