Մատչելիության հղումներ

«Աշխարհիկի եւ կրոնականի պայքարը Թուրքիայում»


Թուրք դաշնակահար Ֆազիլ Սայ, արխիվ
Թուրք դաշնակահար Ֆազիլ Սայ, արխիվ
«Աշխարհիկի ու կրոնականի պայքարը Թուրքիայում». այսպես է վերնագրել իր հոդվածը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության լրագրողը՝ ներկայացնելով, թե ինչպես են մի շարք արվեսագետներ զանազան ճնշումների ենթարկվում Թուրքիայում՝ միայն այն պատճառով, որ այս կամ այն կերպ շեղվում են պաշտոնական Անկարայի որդեգրած դիրքորոշումից տարբեր հարցերում։

Աշխարհահռչակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սայի ստամբուլյան համերգից շաբաթներ առաջ հնարավոր չէ տոմսեր գտնել. ջազի եւ ժողովրդականի համադրություններով հայտնի երաժիշտը մեծ ժողովրդականություն է վայելում, թուրքական իշխանամետ թերթերը, սակայն, նրան ավանում են «Թուրքիայի գլխավոր աթեիստը»։

Twitter-ում իր գրառումների պատճառով Ֆազիլ Սայը թուրքական դատարանի առջեւ է կանգնել միանգամից մի քանի հայցերով. բոլորում նույն մեղադրանքն է` հրապարակային վիրավորանք իսլամի նկատմամբ։

Սոցիալական ցանցի նրա էջը թեեւ հիմա արգելափակված է, բայց շատերը չեն մոռացել, օրինակ, այս գրառումը. - «Չգիտեմ` հասկացել եք դա դուք թե ոչ, բայց եթե ձեր առջեւ զզվելի արարած է, ոչնչություն, գող կամ հիմար, ապա անկասկած նա իսլամիստ է»։

Թուրք երաժիշտը դատարանում չի ընդունում իրեն հեսացեգրված մեղադրանքները, Եվրամիությունը, որին ձգտում է անդամակցել Թուրքիան, եւս կոչ է արել դադարեցնել դաշնակահարի նկատամամբ հետապնդումները, դատարանի առջեւ են հավաքվում բազմաթիվ արվեստագետներ՝ աջակցելու երաժիշտին, շատերի բնորոշմամբ՝ Ֆազիլ Սայը դարձել է առաջադեմ թուրք երիտասարդության խորհրդանիշը։

Իշխանությունները, սակայն, անդրդվելի են, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը դաշնակահարին հրապարակավ «պոռնիկի ծնունդ» անվանեց։

Ռուս լրագրողն իր հոդվածում հիշատակում է նաեւ գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհամ Փամուկի սկանդալային պատմությունը, ով հանդգնեց կասկածի տակ դնել թուրքական պետական քարոզչամեքենայի պնդումը, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։ Փամուկը հիմա ապաստանել է Միացյալ Նահագներում՝ խուսափելով հայրենիքում քրեական պատասխանատվության ենթարկվելուց։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հոդվածագրի` Թուրքիայում ամբողջապես վերահսկվում է նաեւ թատերական կյանքը։ Բառացիորեն վերջերս Էրզրումի քաղաքային թատրոնին արգելվեց բեմ բարձրացնել ֆրանսիացի ժամանակակից գրող Էմիլ Աժարի «Ողջ կյանքն առջեւում է» ստեղծագործությունը, միայն այն պատճառով, որ ի նշան ռասիզմի դեմ պայքարի` ռեժիսորը բեմի վրա փակցրել էր «Կորչի ֆաշիզմը» գրությամբ ցուցանակ. իշխանությունները, սակայն, սա ընկալեցին որպես ակնարկ` ուղղված իրենց։ Փարիզում ապրող հրեա մարմնավաճառուհու եւ նրա որդեգրած երեխայի մասին վեպը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն գրական պարգեւին, Թուրքիայում, սակայն, այն արգելվեց։

Առհասարակ, վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեծ ուշադրությամբ է հետեւում թատերական աշխարհի զարգացումներին. նա արգելեց թատրոնների պետական ֆինանսավորումը, բաց տեքստով հայտարարելով, թե քաղաքային իշխանություններից գումարներ ստանալով՝ թատերախմբերը, միեւնույն է, քննադատում են նրանց։ «Դա արդեն աբսուրդի թատրոն է»,- ասել էր Թուրքիայի վարչապետը։

Մի ամբողջ գիշեր թուրք դերասանները Ստամբուլի կենտրոնական հրապարակում մոմեր վառեցին՝ ի նշան երկրում մահացող արվեստի։ «Իսլամիստներ, ձեռքներդ հեռու արվեստի աշխարհից», - վանկարկում էին դերասանները։

Բալետի դեպքում էլ իրավիճակը տարօրինակ է. 13 միլիոն բնակիչ ունեցող Ստամբուլում օպերայի եւ բալետի թատրոն առհասարակ չկա, ավելի ճիշտ կա, սակայն երկար տարիներ շենքը վերակառուցվում է, բալետային խմբի մեծ մասը հեռացվել է աշխատանքից։ Ռուս լրագրողը հիշեցնում է այն ժամանակ դեռ Ստամբուլի քաղաքապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, ով պարկեշտ ընտանիքներում ապրող աղջիկներին հորդորել էր մոռանալ բալետի պարուհի դառնալու երազանքը՝ վստահեցնելով, որ իր դստերը երբեք թույլ չէր տա ընտրել այդ մասնագիտությունը։ «Բալետը հանդիսատեսի գիտակցությունն իջեցնում է պարուհու գոտկատեղից ներքեւ, իսկ դա արդեն մշակութային իմպերիալիզմի դրսեւորում է», - ասել էր Էրդողանը։

Այդուհանդերձ, բոլոր չէ, որ հաշտվել են այս իրավիճակի հետ, ասում է հոդվածագիրը՝ օրինակ բերելով «Դուման» (թարգմանաբար` «Ծուխ») ռոք խմբին, որը, չնայած իշխանությունների բազմաթիվ արգելքներին, բազմահազարանոց մարզադաշտեր է հավաքում։ «Զարթնի՛ր ժողովուրդ, ինչ-որ բան փտել է Թուրքիայում, զարթնի՛ր ժողովուրդ, հանգիստ մի՛ նստիր, ինչ-որ բան փտել է մեր ներսում», - երգում են «Դուման»-ի մենակատարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG