Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 7-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Իսկ հնարավո՞ր է, որ այս թատրոնը բացառապես մասսաների համար է եւ միայն ներքեւի օղակներում՝ Շարմազանով-Ուրիխանյան մակարդակով: Իսկ իրենք՝ առաջնորդները, շատ ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն եւ համագործակցության երկարաժամկետ ծրագրեր: Հնարավո՞ր է, որ այս հակամարտությունն ուղղված է դրսին, որ ցույց տան, թե Հայաստանում առողջ քաղաքական կյանք կա, իշխանության համար պայքար, շարժում, առաջընթաց՝ այ, տեսեք, թե ինչ դաժան պայքարի արդյունքում է նախագահի աթոռին հայտնվելու Սերժ Սարգսյանը: Իսկ հնարավո՞ր է, որ այս ամենն արվում է, որ երկրում իրական ընդդիմություն չձեւավորվի, եւ հասարակությունն էլ մնա իր համար գծված շրջանակների մեջ՝ հնազանդ ու անխռով: Այս հարցերն այսօր պտտվում են օդում: Շատ քիչ մարդիկ գիտեն սրանց ստույգ պատասխանները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Ուրեմն թեկնածուները դեռ հայտնի չեն: Խնդիրը «բարդացնում են» Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պետք է նշել, որ Ծառուկյանի կողմնակիցներն ավելի զուսպ են, հավասարակշռված, մի խոսքով` այստեղ դիսցիպլինան ուժեղ է: Իսկ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, անկեղծ կողմնակիցները չգիտես ինչու անդադար հրապարակային խորհուրդներ կամ ցանկություններ են արտահայտում: Կարելի է բարձր գնահատել մարդկանց անկեղծ զգացմունքները, եթե նրանք չեն հավակնում քաղաքական կամ թեկուզ հասարակական գործիչ լինելուն: Բայց հասարակական-քաղաքական գործունեությունը կոկետության, սեթեւեթանքի տեղ չի թողնում: Եթե Հայաստանը ժողովրդավար եւ քչից-շատից տնտեսապես ապահով երկիր լիներ, մենք կարող էինք մեզ թույլ տալ սիրել-չսիրելու շռայլությունը: Այսինքն կարող էինք ընտրության չգնալ կամ գնալ եւ քվեաթերթիկի վրա փիղ նկարել: Բայց Հայաստանը ժողովրդավար երկիր չէ: Իշխանությունը ամեն ինչ արել է ընտրությունը վարկաբեկելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Դատելով ամենից, ոմանք այսօր լրջորեն մտահոգված են, որ ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործոն այլեւս գոյություն չունի քաղաքական դաշտում: Ու ելք են մտմտում` ի՞նչ անել, որ գոնե 2013-ի նախագահական ընտրություններում մնա ասպարեզում: Խորհուրդներից մեկն էլ երկրում քաղաքացիական ակտիվ շարժումներ սկսելն է, ներքաղաքական կյանքը հնարավորինս ալեկոծելը. փողոց` միտինգնե՜ր, ցույցե՜ր, մի խոսքով հնարավոր ամենը իրավիճակը ապակայունացնելու համար: Հաջորդ խորհուրդը առավել մտահոգիչ է. «քաղաքացիական նախաձեռնություններն ու նրանց երիտասարդական ներուժը ծառայեցնել քաղաքական դիակի երկարակեցությանը»: Կոնգրեսի միանձնյա առաջնորդն այլեւս իրեն սպառել է եւ քաղաքացիական նախաձեռնությունները կարող են դոնորի դեր կատարել` անհրաժեշտ իմպուլս հաղորդելով սպառված գործչին»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ազգային ժողովը երեկ մերժել է ՀԱԿ օրինագիծը, որը հեղինակները ներկայացնում էին որպես մենաշնորհների դեմ պայքարի ճանապարհ: Սակայն ԱԺ քվեարկությունը մեկ այլ տեսանկյունից է հետաքրքիր եւ դիտարկման արժանի: Բանն այն է, որ նախօրեին տեղի է ունեցել մի դրվագ, որը շատերը երեւի թե այսօր չեն էլ հիշում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ-ին հորդորել է օրինագիծը քվեարկել մեկ օր ուշ, քանի որ դահլիճում քիչ պատգամավորներ կան, եւ քվեարկությունը կարող է չկայանալ: ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայնել է: Եվ ահա մեկ օր անց ՀՀԿ-ն մերժում է օրինագիծը: Այս փոքրիկ դրվագը՝ Հովիկ Աբրահամյանի հորդորով քվեարկությունը մեկ օր հետաձգելու իրողությունը, հետաքրքրական է ավելի մեծ համաձայնության ֆոնին, որ կայացրին ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ-ի նախաձեռնության կապակցությամբ: Պարզ է, որ մեկ տարի անց ՀՀԿ-ն հանգիստ գալու եւ դեմ է քվեարկելու իր հորդորով հետաձգված հարցին, իսկ ՀԱԿ-ին այլ բան չի մնալու՝ եթե մինչ այդ ՀԱԿ-ը մնա ընդհանրապես, քան խոսել հերթական «դիմակապատռումի» մասին»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցել է «Հայացք» օրաթերթի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արդյո՞ք այսօր դոնկիխոտություն չի լինի նախագահի թեկնածու առաջադրվելու Ձեր քայլը»: Պատասխան. - «Հայաստանյան իմ գրեթե 25 տարիների ընթացքում ես վարժվել եմ ամենատարբեր հղումների, պիտակների, կիխոտյան եւ այլ տիպի քաղցր ու դառը խոսքերի: Բայց կարեւորը երկիրն է, քաղաքացին է եւ մեր պետության հեռանկարն է: Ես չեմ կարող ընդունել, որ իմ կամ ձեր երեխան ապրի անիրավ, անսահմանադրական, անազգային երկրում: Ինձ համար կարեւորը նախագահ դառնալը չէ, այլ այն, որ մեր երկիրը դառնա առաջատար մեր տարածաշրջանում: Եվ առաջատար ոչ միայն մշակույթով, անվտանգության մակարդակով, այլեւ իր դավանած արժեքներով, ժողովրդավարությամբ: Ես հանձնառու եմ այդ գործին: Եվ հանձնառու եմ ոչ թե որպես փրկիչ կամ անգամ նախագահ, այլ որպես շարքային քաղաքացի նախ եւ առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG