Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում «քաղաքական կամք դրսեւորել»


ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը անցկացվող նիստի ընթացքում Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնյովը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ անելով «խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել»:

«Ինչպես մեր նախագահները հայտարարել են Լոս Կաբոսում 2012 թվականի հունիսի 18-ին, կողմերը պետք է հիմք ընդունեն Հելսինկյան սկզբունքները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են ուժ չկիրառելուն եւ ուժի կիրառման սպառնալիքներից զերծ մնալուն, տարածքային ամբողջականությանը, ազգերի հավասար իրավունքներին եւ ինքնորոշման իրավունքին, եւ մեր երկրների կողմից Աքվիլայում 2009 թվականին եւ Մուսկոկայում 2010 թվականին հնչեցված հայտարարությունների տարրերին: Վերհիշելով մեր նախագահների կողմից 2011 թվականին Դովիլում արված հայտարարությունը՝ մենք կրկին կողմերին կոչ ենք անում վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում:

Համանախագահ երկրների ներկայացուցիչները նաեւ ափսոսանք են հայտնել, որ Սոչիում այս տարվա հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ստորագրված միացյալ հայտարարության արդյունքում խաղաղ գործընթացում ավելի արագ առաջընթաց արձանագրելու ակնկալիքները չեն արդարացել, իսկ «դրա փոխարեն կողմերը չափազանց հաճախ են ձգտել միակողմանի առավելության հասնել բանակցային գործընթացում՝ փոխըմբռնման հիման վրա համաձայնության հասնելու փոխարեն»:

«Ընդունելով, որ Շփման գծում լուրջ միջադեպերի քանակը նվազել է, մենք հիշեցնում ենք կողմերին, որ անհրաժեշտ է շարունակել հարգել 1994 թվականին կնքված հրադադարը, եւ որ ուժի կիրառումը չի լուծելու հակամարտությունը: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի քայլերից եւ հայտարարություններից, որոնք թշնամանք են սերմանում իրենց ժողովուրդների մոտ եւ անցած ամիսներին մեծացրել են լարվածությունը: Կողմերի առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն որպես հարեւաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ ապրելու օրվան՝ լիովին հարգելով միմյանց մշակույթը, պատմությունը եւ ավանդույթները», - նաեւ ասված է հայտարարությունում, - «Մենք կողմերին կոչ ենք անում առավել կարեւորել խաղաղ բանակցային գործընթացը եւ աշխատել համանախագահների հետ՝ լիովին եւ ուշադրությամբ կշռադատելով նոյեմբերին համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում ներկայացված գաղափարները: Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների պատրաստակամությունը՝ համանախագահների հետ շարունակել այս քննարկումները 2013-ին: Մեր երկրները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը անել հնարավորը կողմերին աջակցելու համար, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծելու պարտականությունը շարունակում է մնալ նրանցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG