Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան ԱՄՆ Սենատը քվեարկության կդնի Ռուսաստանին առնչվող մի օրինագիծ, որով միանգամից երկու հարցի լուծում կտրվի:

Սենատորներին առաջարկվում է չեղյալ համարել սառը պատերազմի խորհրդանիշ համարվող եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները սահմանափակող Ջեքսոն-Վենիկի լրացումը եւ հաստատել «Մագնիտսկու ցուցակը», այսինքն մուտքի արտոնագրից զրկել եւ ֆինանսական պատժամիջոցների ենթարկել մի շարք ռուս պաշտոնյաների, ովքեր ըստ Միացյալ Նահանգների՝ կապ ունեն իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործի հետ, ինչպես նաեւ ներգրավված են մարդու իրավունքները ոտնահարող եւ կոռուպցիոն գործընթացներում:

Իրավաբան, աուդիտոր Սերգեյ Մագնիտսկին, ով մեքենայությունների մի ողջ կծիկ էր բացահայտել, մեղադրվել էր հարկերից խուսափելու մեջ եւ 2009 թվականին մահացավ կալանավայրում կասկածելի հանգամանքներում:

Նրա մահը մեծ հասարակական արձագանք ունեցավ հատկապես արեւմուտքում, եւ 2010 թվականին ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը պաշտոնական նամակով դիմեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին՝ կոչ անելով արգելել ռուսաստանյան այն պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, ովքեր առնչություն ունեին Մագնիտսկու մահվան գործին: Բենջամին Կարդինը փաստացի շրջանառության մեջ դրեց «Մագնիտսկու ցուցակ» հասկացությունը:

«Մագնիտսկու ցուցակը» հաստատելու այս նախաձեռնությանը արձանգանքել է Ռուսաստանի արտգործնախարությունը: Մոսկվան այս քայլը համարում է ոչ բարեկամական եւ սադրիչ, եւ դրա ընդունման դեպքում համապատասխան պատասխանը չի ուշացնի:

Ինչ վերաբերում է Ջեքսոն-Վենիկի լրացումը վերացնելուն, ապա այն պիտի որ բարելավի ռուս-ամերիկյան առեւտրային կապերը: 1974 թվականի ընդունված Ջեքսոն-Վենիկի լրացումը ենթադրում էր, որ ԱՄՆ-ը առեւտրային հարաբերությունները իր գործընկեր երկրների հետ կառուցում է` ելնելով այդ երկրներում մարդու իրավունքների վիճակից: Գործնականում այն սահմանափակում էր առեւտուրը ԽՍՀՄ-ի հետ՝ միության վարած միգրացիոն քաղաքականության պատճառով:

Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո Միացյալ Նահանգները ամեն տարի սառեցնում էր Ջեքսոն-Վենիկի այս օրենսդրական լրացման կիրառությունը, այնուամենայնիվ, դրա առկայությունը շարունակում էր սառը պատերազմի խորհրդանիշ մնալ:

Նման օրենսդրական լրացումից հրաժարվելն առավել հրատապ դարձավ, երբ այս տարվա օգոստոսին Ռուսաստանը անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

Ջեքսոն-Վենիկի լրացումը չեղյալ համարելը թույլ կտա ամերիկյան ընկերություններին լիարժեքորեն օգտվել այն առավելություններից, որ ընձեռել է Ռուսաստանի անդամակցումը ԱՀԿ-ին՝ մասնավորապես զգալի կիջնի Ռուսաստան ապրանքներ ներմուծելու գինը:

Ջեքսոն-Վենիկի լրացումը չեղյալ համարելու եւ «Մագնիտսկու ցուցակը» հաստատելու մասին այս օրինագիծը նոյեմբերի 16-ին ներկայացուցիչների պալատը ընդունել էր 365 կողմ 43 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Վերլուծաբանները նշում են, որ դրա ընդունումը Սենատում այսօր եւս շատ հավանական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG