Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի նախագահ Հրաչյա Պողոսյանի խոսքով` Երեւանի կորուստները տարիների պատմություն ունեն:

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի նախագահ Հրաչյա Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ձեռք բերեց եւ ի՞նչ կորցրեց Երեւանը 2012-ի ընթացքում, արձագանքեց, թե Երեւանի կորուստները մեկ տարվա պատմություն չունեն. - «Ամենացավալին այն է, որ մենք այսօր կորցնում ենք սովետական շրջանի ճարտարապետությունը, որին մեծ կարեւորություն տրվեց նաեւ [նոյեմբերին կայացած] Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի ժամանակ»:

Հարցին, թե հնարավոր է արդյոք վերականգնել սովետական ճարտարապետության վառ նմուշներից մեկը՝ Փակ շուկան, որի կամարային հատվածի մեծ մասը սեփականատեր ընկերությունը առանց թույլտվության քանդել է, Պողոսյանը պատասխանեց. - «Ծածկած շուկան ճարտարապետական, կարելի է ասել, շեդեւր է, շատ մեծ արժեք է, նրան ընդհանրապես ձեռք տալ չի կարելի: Այն պետք է վերականգնվի»:

«Քաղաքի զարգացման պատկերն այժմ քաոսային է: Քաղաքը բարեկարգվում է, բայց վերջնական բավարար տեսք ստանալուց դեռ շատ հեռու ենք», - նշեց ճարտարապետը:

Այդուհանդերձ, բարեկարգվում են մեծամասամբ քաղաքի կենտրոնական թաղամասերը, իսկ ծայրամասերը կարծես անտեսված են. ասենք պատկերազարդված կամարանցումներ կամ կանաչապատ տարածքներ այնտեղ քիչ կհանդիպես:

«Այդ մտահոգությունը միշտ կա: Հիմա վարչապետի նախաձեռնությամբ խումբ է ստեղծվել Երեւանի կենտրոնի կառուցապատման համար օրենք մշակելու համար: Ճարտարապետական խորհրդի կարծիքով, պետք է այնպես անել, որ կառուցապատողների հետաքրքրությունը կենտրոնից գնա դեպի արվարձանները: Այդ նպատակով պետք է, օրինակ, թանկացվի հողը Երեւանի կենտրոնում, իսկ արվարձաններում՝ հակառակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հրաչյա Պողոսյանը:
XS
SM
MD
LG