Մատչելիության հղումներ

Ըստ Մամեդյարովի` Դուբլինում Ղարաբաղի հարցով հայտարարություն է սպասվում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին ասել է ինքը Մամեդյարովը։

Ըստ նրա` հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարության նախագիծ։ «Դեռեւս հստակ չէ, թե ինչ ձեւաչափով է ընդունվելու հայտարարությունը։ Եթե մենք կարողանանք համաձայնեցնել տեքստը, հայտարարությունը կընդունվի», - նշել է Մամեդյարովը։

Ադրբեջանական գործակալության վկայությամբ` համանախագահները հանդիպել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հարցին` սպասվո՞ւմ է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի դուբլինյան նիստի շրջանակներում, Մամեդյարովը արձագանքել է. - «Եթե պետք լինի։ Համանախագահները առայժմ զբաղվում են մաքոքային դիվանագիտությամբ»։ Ըստ նրա, եթե նման հանդիպում տեղի չունենա դուբլինյան հավաքի շրջանակներում, քննարկվում է այն եկող տարվա սկզբին անցկացնելու հնարավորությունը։ «Ամենայն հավանականությամբ` դա կարող է լինել հունվարի վերջը։ Առաջարկներից մեկը Փարիզն է [որպես հանդիպման վայր]», - ասել է Մամեդյարովը։
XS
SM
MD
LG