Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Դուբլինը խաղաղության հասնելու մեր հնարավորությունն է»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Դուբլինում այս շաբաթվա վերջին կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների տարեկան հավաքի նախօրեին՝ այսօր, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հոդված է հրապարակել հեղինակավոր Wall Street Journal-ում՝ պնդելով, թե այդ հավաքը ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու հնարավորություն է, որը չպետք է կորցնել:

«Ողջ ընդարձակ Կասպյան տարածաշրջանը այժմ գտնվում է լարվածության մեջ, որը կարող է արագորեն վերածվել բաց հակամարտության», - նախազգուշացնում է Ադրբեջանի արտգործնախարարն ու հավելում՝ պաշտոնական Բաքուն ուզում է խաղաղություն հաստատել, սակայն միայնակ չի կարող դրան հասնել։ «Հայաստանն էլ իր բաժինն ունի Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում, երկիր, որը մեկուսացված է՝ հիմնականում այս հակամարտության պատճառով, դուրս է թողնված տարածաշրջանի բոլոր ճանապարհային ու էներգետիկ ծրագրերից, մինչդեռ, երբ մենք կարողանանք հասնել երկարատեւ խաղաղության, Հայաստանը եւս կարող է իր մասնաբաժինն ունենալ այս նախագծերում», - գրել է Մամեդյարովը:

Ընդ որում, Ադրբեջանի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ կարգավորումից կշահեն ոչ միայն երկու երկրներն ու Կովկասյան տարածաշրջանը, այլեւ` Եվրոպան: «Ադրբեջանը դառնում է Եվրոպայի հիմնական էներգետիկ մատակարարը, Թուրքիայի հետ ստորագրված նոր գազատարի մասին համաձայնագրով Եվրոպան շուտով 10 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա Ադրբեջանից, եւ այս ցուցանիշը կարող է ի վերջո ավելանալ՝ հասնելով ավելի քան 20 միլիարդի: Մինչդեռ Եվրոպայի տնտեսական շահերը Ադրբեջանում չեն սահմանափակվում լոկ էներգետիկ ծրագրերով, Կովկասի կայունությունը այժմ նաեւ Եվրոպայի ներքին անվտանգության մի մասն է», - ընդգծում է Մամեդյարովը:

Անդրադառնալով խնդրի կարգավորմանը՝ Ադրբեջանի արտգործնախարարը գրում է . - «Մեկ բան պետք է հստակ լինի՝ մենք չենք հաշտվի Ադրբեջանի մասնատման հետ, մեր տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։ Ապա նա հիշեցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձեւերը, որոնք կոչ են անում անհապաղ դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից: «Հայկական բանակի դուրսբերումը պետք է լինի համապարփակ եւ պետք է սկսվի հիմա: Այս երկու պայմաններից բացի՝ այլ հարցերում մենք ճկուն ենք եւ պատրաստ ենք աջակցել հաշտեցման ցանկացած գործընթացի, որը խթանելու համար Ադրբեջանը պատրաստ է նաեւ տնտեսական ծրագիր առաջարկել Ղարաբաղի զարգացման համար եւ լուրջ ներդրումներ կատարել», - գրում է Մամեդյարովը:

«Մենք կարող ենք լուծել այս խնդիրը միայն այն դեպքում, եթե քաղաքական կամք լինի բոլոր կողմերում, Ադրբեջանում այն կա, եւ ես առաջարկում եմ, որ մենք առաջընթաց արձանագրենք Դուբլինում, մշակենք համապարփակ խաղաղության համաձայնագիր՝ հստակ ժամկետում, որից հետո Մինսկի խումբը պետք է համաձայնեցնի նոր հանդիպում, որին կմասնակցեն հակամարտող բոլոր կողմերը: Դուբլինը խաղաղության հասնելու մեր հնարավորությունն է, եւ ես կոչ եմ անում մեր հայ գործընկերներին օգտագործել այն մեզ հետ միասին», - գրել է Ադրբեջանի արտգործնախարարը ամերիկյան Wall Street Journal-ում:

Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ էլ նույն պարբերականին հարցազրույց էր տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պնդել էր, թե Ադրբեջանը հարմար առիթի է սպասում՝ պատերազմ սկսելու համար, եւ նշել, որ այս ծրագրերում Բաքվի հնարավոր հաջողությունը «կախված է միջազգային հանրության դիրքորոշումից եւ հայկական ուժերի մարտունակությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG