Մատչելիության հղումներ

logo-print
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունն այսօր ներկայացրեց 2012 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Զեկույցում ներառված 176 երկրների շարքում Հայաստանը 105-112-րդ տեղերն է կիսում Ալժիրի, Բոլիվիայի, Կոսովոյի, Մալիի, Մեքսիկայի եւ Ֆիլիպինների հետ:

Նշենք, որ կոռուպցիայի համաթիվը կազմելիս օգտագործվել է 0-ից 100 միավորանոց գնահատման սանդղակ, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, որ անցած 5 տարիների ընթացքում կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում չի բարելավվել, դեռ մի փոքր էլ ավելացել է:

«2011 թվականի զեկույցում Հայաստանի ցուցանիշը 2.6 էր, այս տարի 2,7», - ասաց Հոկտանյանը:

Պատասխանելով հարցին, թե ո՞ր ոլորտներում է կոռուպցիայի մակարդակն ամենաբարձրը, Հոկտանյանը պատասխանեց. - «Այս համաթվով ոլորտները չեն առանձնացվում, սակայն 2010-2011 թվականին անցկացված այլ հետազոտությունների արդյունքներով՝ Հայաստանում ամենաշատ կոռումպացված ոլորտներ են համարվել դատարանները, ոստիկանությունը, հանրային, պետական ծառայության ոլորտներ»:

Երեւանի բնակիչները նշում են, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում իսկապես բարձր է, դրանում համոզվում են, երբ գործ են ունենում պետական մարմինների հետ:

Վարուժան Հոկտանյանն ընդգծեց, որ իր ցուցանիշով Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների մեջ, բացի երեք մերձբալթյան հանրապետություններից, զիջում է միայն Վրաստանին եւ Մոլդովային: Ի դեպ, ցանկում Վրաստանը 51-րդ տեղում է, Թուրքիան` 54-րդ, Ադրբեջանը` 139-րդ, Իրանը` 133-րդ տեղում է:

Աղյուսակի առաջատարներն են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան: 176 երկրների շարքում ամենակոռումպացված երկրներն են համարվում՝ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան եւ Սոմալին:
XS
SM
MD
LG