Մատչելիության հղումներ

logo-print

Արեւելյան գործընկերության հանդիպում Բրյուսելում


Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, Հայաստան - Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նման ձեւաչափով հանդիպման նպատակն էր քննարկել Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները եւ նախանշել անելիքները մինչեւ 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովը:

Հանդիպման սկզբում Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականությանը, որի շրջանակներում հատկապես կարեւորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ գործընկեր երկրներում ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ այդ ոլորտներում առաջընթացի հիման վրա է, որ ԵՄ-ն կիրառելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Հանձնակատարը հիշատակել է նաեւ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն մեծապես տպավորված է Հայաստան վերջերս կատարած իր այցելությունից:

Զոհրաբ Մնացականյանը, իր ելույթում կարեւորելով Արեւելյան գործընկերության դերը Հայաստան - ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման գործում, ընդգծել է, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները առաջին հերթին կառուցվում են ընդհանուր արժեհամակարգի վրա: Նրա խոսքերով` ԵՄ-ի հետ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելը Հայաստանի ներքին օրակարգի մասն է, եւ Արեւելյան գործընկերությունն ընձեռում է դրանք խթանելու գերազանց հնարավորություն:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է մինչեւ 2013 թվականի Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտելու եւ առաջիկայում Ասոցիացման օրակարգ ձեւավորելու շուրջ աշխատանքներ տանելու Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG