Մատչելիության հղումներ

«Կառաջադրվի՞ արդյոք Իլհամ Ալիեւը 2013-ի ընտրություններում »


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Բաքու, 16-ը նոյեմբերի, 2012թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Բաքու, 16-ը նոյեմբերի, 2012թ.

Ադրբեջանցի մեկնաբանների համար այդ հարցի պատասխանը այնքան էլ միանշանակ չէ։

«Իլհամ Ալիեւը նախագահական ընտրություններից շուրջ մեկ տարի առաջ մոբիլիզացնում է պետական ապարատը», - պնդում են ադրբեջանցի վերլուծաբանները:

2013-ի աշնանը կայանալիք ընտրությունների մասին խոսակցությունները Բաքվում ակտիվացան, երբ անցած շաբաթավերջին Իլհամ Ալիեւը կադրային փոփոխություններ նախաձեռնեց իր աշխատակազմում:

1995 թվականից ի վեր նախագահի աշխատակազմը ղեկավարող եւ Ադրբեջանի ամենաազդեցիկ չինովնիկներից մեկը համարվող Ռամիզ Մեհտիեւն այսուհետ միանգամից չորս տեղակալ կունենա` բոլորն էլ նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներ: Ինչպես նշում է «Թուրան» գործակալության մեկնաբանը, «նախիջեւանյան խմբավորումը ներկայացնող չորս տեղակալների այս նշանակումը վկայում է, որ 2013 թվականի շեմին Իլհամ Ալիեւը բավական դժվարին կացության մեջ է հայտնվել»:

Նորանշանակ պաշտոնյաներից հայ հանրության համար թերեւս ամենաքաջածանոթը Նովրուզ Մամեդովն է: Ադրբեջանցի այս պաշտոնյան երկար տարիներ զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի պաշտոնը` անմիջականորեն ներգրավված լինելով ղարաբաղյան կարգավորման բանակցություններում:

Մեկնաբանելով այս կադրային փոխատեղումները` «Թուրան» գործակալության վերլուծաբանները նկատում են. - «Ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը ոչ միայն չի կարող հավակնել 2008-ի օրինակով անայլընտրանք ընտրությունների անցկացմանը, այլեւ խնդրահարույց է դառնում երրորդ ժամկետում նրա առաջադրման հավանականությունն իսկ»։ «Թուրան»-ի մեկնաբանը պարզաբանում է, թե այս իրավիճակի հիմնական պատճառները երկուսն են. - «Նախ, Արեւմուտքի բացասական դիրքորոշումն է առկա, որտեղ պաշտոնավարման երրորդ ժամկետը ցանկացած նախագահի համար արգելված պտուղ է: Բացի այդ, պետք չէ մոռանալ իշխանության խիստ հակաժողովրդավար բնույթի մասին»:

Նախագահ Ալիեւի մերձավորները, սակայն, առայժմ ակնարկում են, թե 2013-ի ընտրություններին եւս Իլհամ Ալիեւն է հաջողության հասնելու:

Բաքվում «Ադրբեջան 2020» համաժողովի ավարտին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը հայտարարեց. - «Իլհամ Ալիեւը դեռ շատ անելիք ունի մեր երկրում, այն զարգացման ծրագրերից հետո, որ մենք այսօր էինք քննարկում, ցանկացած մարդու համար էլ պարզ է դառնում, թե ով է լինելու Ադրբեջանի հաջորդ նախագահը»։ Մեհտիեւը, սակայն, խուսափեց Իլհամ Ալիեւի անունը ուղղակիորեն հնչեցնելուց:

Մեկ այլ ազդեցիկ իշխանամետ գործիչ` իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Բահար Մուրադովան եւս առայժմ գերադասում է չխոսել 2013-ին առաջադրվելիք կոնկրետ թեկնածուների մասին: «Միանշանակ է, որ 2013 թվականից հետո եւս Ադրբեջանը ղեկավարելու է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչը», - նշում է պատգամավորուհին:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Ադրբեջանի Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն` գործող նախագահն այլեւս որեւէ սահմանափակում չունի երրորդ անգամ առաջադրվելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG