Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մեծ մասը կարճվել է


Մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել է։

Ապրիլի 15-ին թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձինք Սվաճյան փողոցի բնակելի շենքի շքամուտքում հարձակվել եւ հարվածել են իրեն եւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված մեկ այլ թեկնածուի` Բաբկեն Գարոյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կոտրվել էր Գարոյանի քիթը:

Փաստի առթիվ դեռ ապրիլին հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար:

«Այսքան ժամանակ է անցել, ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ ընթացք կա։ Ինձ մի անգամ են ընդամենը կանչել հարցաքննության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր՝ դեպքից 7 ամիս անց, ասում է հաղորդում տված Գայանե Առուստամյանը։

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այս գործը կարճվել է:

Գայանե Առուստամյանը գործի կարճման որոշումը որակեց «խայտառակություն», «ապօրինություն», եւ վերահաստատեց, որ ինքը, որպես հաղորդում տված անձ, չի տեղեկացվել ոստիկանության որոշման մասին:

«Ամփոփ տեղեկատվություն չկա»


Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե անցած 7 ամիսներին ի՞նչ են արել իրավապահ մարմինները ընտրախախտումների պատասխանատուներին պատժելու կապակցությամբ, ասաց, թե ամփոփ տեղեկատվություն, որպես այդպիսին, չկա: Տռուզյանը հավելեց, որ ընթացիկ գործերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

Կայքի՝ պաշտոնական հաղորդագրությունների արխիվում հատուկ ուշադրության է արժանի սեպտեմբերին դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մաթեւոսյանը ընտրակաշառք է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար: Դատարանը կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանածին դատապարտել է պայմանական ազատազրկման` 3 տարով:

Նշենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Գլխավոր դատախազության աշխատաքային խմբի հունիսյան հաղորդագրության համաձայն, ընտրախախտումների վերաբերյալ 213 հաղորդումներից միայն 15-ի դեպքում է քրեական գործ հարուցելու որոշում կայացվել, 173-ով՝ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ո՞ր դեպքերում է մերժվում քրեական գործի հարուցումը:

Ներկայացնենք մի օրինակ․ Արտաշատն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքի ընտրությունների բողոքարկման հետեւանքով Սահմանադրական դատարանը հունիսի 22-ին կայացրած որոշման մեջ, անդրադառնալով թիվ 17/27 ընտրատեղամասին, գրել է․ - «Վկայակոչված ընտրախախտումների փաստերի վերաբերյալ նյութերը տրամադրել Գլխավոր դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»։ Փաստերը, այդ թվում` տեսանյութերը, ուղարկվել են Արտաշատի ոստիկանություն, սակայն այստեղ քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ ավելի վաղ Սահմանադրական դատարան դիմած կողմը մինչ օրս դատարանում բողոքարկում է դատախազության որոշումը:

Բայց սա միակ օրինակը չէ: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ քաղաքացիական ակտիվ հասարակությունը համացանցը հեղեղել էր ընտրախախտումների վերաբերյալ տեսագրություններով։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, մեզ հետ զրույցում արձանագրեց, որ iDitord.org կայքում արձանագրվել էին 1100-ից ավելի խախտումներ, սակայն ոստիկանությունը 2-3 գործերով է որեւէ քայլ ձեռնարկել, եւ որեւէ մարդ չի ենթարկվել պատասխանատվության․ - «Մասնավորապես, մի քանի խախտումներ, որոնք նշված էին iDitord-ում, պարունակում էին նաեւ տեսանյութեր, հստակ երեւում էր, որ մարդիկ անձնագրեր են բաժանում եւ այդ անձնագրերով են պարտադրում գնալ քվեարկության»։

Մայիսի ընտրությունների կապակցությամբ նախընտրական քարոզարշավի ժամանակ աղմկահարույց միջադեպի վերաբերյալ իրավապահներին հաղորդում ներկայացրած պատգամավորության նախկին թեկնածու Գայանե Առուստամյանի կարծիքով, հիմա, նախագահի ընտրություններից առաջ, առավել քան կարեւոր է անցած ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների մեղավորներին պատժելը։

«Բավականին ժամանակ կար, որպեսզի իշխանությունները զբաղվեին խախտումները վերացնելով եւ մեղավորներին պատժելով։ Թող իշխանությունները գոնե մի դեպք բացահայտեն, որպեսզի մենք հավատանք այն խոստումներին, որոնք անընդհատ շռայլվում են, որ իսկապես ցանկություն կա նորմալ ընտրություն անցկացնելու», - ասում է Առուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG