Մատչելիության հղումներ

Վրաց գրողը ԼՂ այցից հետո անցանկալի անձ է ճանաչվել Ադրբեջանում


Գանձասարի վանական համալիրը, որտեղ եղել են Պոեզիայի փառատոնի մասնակիցները
Գանձասարի վանական համալիրը, որտեղ եղել են Պոեզիայի փառատոնի մասնակիցները
Ադրբեջանի «սեւ ցուցակում» այս անգամ էլ հայտնվել է Վրաստանի գրողների միության նախագահ Մակլավա Գոնաշվիլին` նոյեմբերի 16-18-ը Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ադրբեջանը անցանկալի անձ (persona non grata) է ճանաչում այն անձին, ով առանց Ադրբեջանի համապատասխան կառույցների «թույլտվության», այցելում է Լեռնային Ղարաբաղ:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Մակլավա Գոնաշվիլին ասաց, որ ինքը Ղարաբաղ է այցելել սիրով եւ բավական տպավորված էլ վերադարձել է, սակայն ավելի ուշ տեղեկանալով, որ ինքը ոչ ցանկալի անձ է Ադրբեջանում խիստ մտահոգվել է եւ փորձել է բացատրել ադրբեջանական կողմին: Վերջիններիս արձագանքը դեռեւս հայտնի չէ, ասում է Գոնաշվիլին:

«Քաղաքական գործիչները յուրովի են մտածում, իսկ պոետի լեզուն սիրո լեզուն է, եւ ես կարծում եմ, որ պոետը պարտավոր է գնալ այնտեղ, որտեղ իրեն գոնե մեկ մարդ է սպասում: Մյուս կողմից ես էլ տեղյակ եմ, որ Ադրբեջանի համար դա շատ ցավոտ թեմա է», - ասաց Վրաստնանի գրողների միության նախագահը:

Ղարաբաղում կայացած Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում տասնհինգ երկրներից ժամանած գրողները եղել են տարբեր տեսարժան ու պատմական վայրերում, նույնիսկ Գանձասարի վանական համալիրում են ընթերցումներ կազմակերպել եւ փառատոնի վերջին օրն էլ հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Արցախում չափազանց կարեւորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման եւ ընդլայնման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար», - հանդիպման ընթացքում ասել էր Ղարաբաղի նախագահը:

Արտասահմանցի պոետները նաեւ հարցեր են ուղղել նախագահ Սահակյանին եւ խնդրել պատասխանել Ղարաբաղի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի:

Եվ չնայած այս ամենին, Վրաստանի գրողների միության նախագահը զարմանում է Ադրբեջանի արձագանքից. Հատկապես որ Ղարաբաղում եղած օրերին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ղարաբաղցի գրող եւ հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը ով նաեւ լուսաբանում էր փառատոնի ընթացքը, արտասահմանցի հյուրերին մեկ առ մեկ հարցրել է, թե արդյոք չեն անհանգստանո՞ւմ, որ Ղարաբաղ կատարած այցից հետո կարող են հայտնվել ադրբեջանական «սեւ ցուցակում»:

Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլ ամսին «Հարավային Կովկաս» ալմանախի շնորհանդեսի շրջանակներում մեկ այլ վրացի գրող Դաթո Տուրաշվիլիի այցը Լեռնային Ղարաբաղ նույնպես հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG