Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը


ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյան, արխիվ
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավարությունը ստանձնելու պարագայում Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից կրկին հրաժարական տալու հարցը «դեռ չի քննարկվել»։

Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հանրապետականը կառաջադրի դեկտեմբերի 15-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում։

«Արդեն որոշում կայացված է, եւ ես եմ ապագա շտաբը ղեկավարելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Աբրահամյանը։

Անցած խորհրդարանական ընտրություններից առաջ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց՝ շտաբային աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու պատճառաբանությամբ: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «ավանդույթի համաձայն կրկին հրաժարական տալո՞ւ եք», Աբրահամյանը պատասխանեց․ - «Նման հարց դեռ չի քննարկվել։ Քաղաքականության մեջ, ասում են, մի ասեք երբեք»։

Նախագահի թեկնածուն դեռ առաջադրված չէ, նրա նախընտրական շտաբը կազմավորված չէ, բայց Հովիկ Աբրահամյանն ասաց՝ անպայման կառաջարկի, որ շտաբի աշխատանքներում ներգրավվի նաեւ Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան, ով անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբում Հովիկ Աբրահամյանի տեղակալն էր։ Մամուլում այս առնչությամբ մեկնաբանություններ կային, որ Մինասյանը «գործուղվել է» շտաբ՝ Հովիկ Աբրահամյանին վերահսկելու համար։

«Ինքը մեծ դերակատարություն է ունենում շտաբում տարբեր գործառույթներով», - այս առնչությամբ մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանը, - «Ցավոք սրտի, մամուլի ասածները միշտ չէ, որ ճիշտ են լինում։ Սա այդ դեպքերից է»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ Աբրահամյանի խնամին է, չի շտապում հայտնել իր որոշումը՝ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ։

Ազգային ժողովի նախագահն ասում է՝ Ծառուկյանը կառաջադրվի, թե ոչ՝ իր համար կարեւոր չէ։ Ինքը կղեկավարի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ու ամեն ինչ կանի նրա հաղթանակի համար։

«Բարեկամությունն ու քաղաքականությունը տարբեր կատեգորիաներ են», - իր խոսքերն այսպես հիմնավորեց Ազգային ժողովի հանրապետական նախագահը, - «Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ապա ես հստակ եւ իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի։ Ի սկզբանե ես որեւէ պարտավորություն չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ։ Իմ բոլոր պարտավորությունները Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի նկատմամբ են, եւ ես պարտավոր եմ բոլոր առումներով եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի գործող նախագահը հաղթի»։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե իր անունը կապում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ԱԺ նախագահը արձագանքեց․ - «Իմ անունը կապում են «Բարգավաճ Հայաստան»-ի հետ մարդիկ, որոնք քաղաքական որեւէ դերակատարություն չունեն։ Ուղղակի իրենք փորձում են ջուրը պղտորել, որը իրենց չի հաջողվի»։
«Բայց ինչ-որ պահի հաջողվեց, կարծես թե, Սերժ Սարգսյանը հավատաց դրան», - մեր այս դիտարկմանը Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․ - «Ոչ։ Նկատի ունեք իմ հրաժարակա՞նը եւ շտաբ ղեկավարե՞լը․․․ ես կապ չեմ տեսնում, գոնե ուղղակի։ Որեւէ անգամ ինձ չի ասվել այդ մասին։ Ուղղակի առաջարկվել է ինձ շտաբի ղեկավարի պաշտոնը, եւ ես էլ գտել եմ նպատակահարմար՝ քանի որ Ազգային ժողովի ընտրություններն են, եւ մնացել էր Ազգային ժողովի աշխատանքներին մոտ 5-6 ամիս, կարեւորելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքը մեր ապագա 5 տարիներին, ես հրաժարական ներկայացրեցի եւ շատ արդյունավետ ղեկավարեցի շտաբը եւ մենք ունեցանք մեծ առաջընթաց՝ 44 տոկոս վստահություն ունեցանք համամասնական ցուցակի առումով»։

Հարցին՝ «Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է լինել ընդդիմության միասնական թեկնածուն», Աբրահամյանը արձագանքեց․ - «Ճիշտն ասած՝ ես դեռ չեմ էլ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել եւ երկրորդ քայլի մասին, իրոք, չէի մտածել։ Այդ հարցի մասին կմտածեմ, երբ որ կլինի հայտարարություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, կամ նույն Ծառուկյանի կողմից, որ իրենք ցանկություն ունեն առաջադրել թեկնածու կամ առաջադրվում է Գագիկ Ծառուկյանը։ Ինքը վերջնական որոշում չի կայացրել, եթե կայացներ՝ մենք անպայման տեղյակ կլինեինք։ Խոսակցություններ կան, որ կարող է առաջադրվել, կամ չառաջադրվել, բայց կոնկրետ վերջնական մենք չունենք նման տեղեկատվություն»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ընդդիմադիրներից ո՞ւմ է համարում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակից, Աբրահամյանն ասաց՝ որեւէ մեկին չի ուզում թերագնահատել, անուններ չհնչեցրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG