Մատչելիության հղումներ

Սիրիահայ ընտանիքը գոհ է Հայաստանում սկսած բիզնեսից


Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում կոշիկի սեփական արտադրությամբ հայտնի ընտանիքը փախչելով Սիրիայի պատերազմից` Հայաստան է տեղափոխել ընտանեկան բիզնեսը:

Երեւանի կենտրոնում արդեն մեկ ամիս է գործում է «Վանա» կոշիկի խանութը: Երկու դուստրերի հայր Հովիկ Բաղդասարյանը նկատում է, որ եթե իրենց թողնեն այստեղ հանգիստ աշխատել, ապա հայրենիքում հաստատվելու մտադրությունն է'լ ավելի կամրանա:

«Բայց եթե չթողնեն աշխատել, կհեռանանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը` շարունակելով. - «Ես վարժվել եմ օրինաձեւով աշխատելուն, այդպես էլ շարունակելու եմ»:

Արդեն հինգ ամիս է, ինչ Բաղդասարյանների ընտանիքը Երեւան է տեղափոխվել: Նոր տուն են գնել ու նոր կյանք սկսել: Հովիկը պատմում է, որ Երեւանում խանութ բացելու հարցում կառավարությունը որեւէ արտոնություն չի ընձեռել: Ինչպես տեղացիների համար, իրենց համար եւս նույն հարկերն են ու նույն պայմաններն են գործում:

«Բայց եթե Հայաստանի կառավարությունը որոշակի արտոնություններ ընձեռի պատերազմից փախած գործարար սիրիահայերին, շատ ավելի լավ կինի», - ասում է հալեպահայ Հովիկը` նշելով, որ Սիրիայի կառավարությունը շոշափելի արտոնություններ է տրամադրում նոր գործ սկսողներին:

«Վանա» խանութում վաճառվում են ոչ միայն տարբեր երկրների արտադրության բազմազան կոշիկներ, այլեւ Բաղդասարյանների սեփական արտադրանքը: Ի տարբերություն հայաստանյան խանութների, որոնց պատերին փակցված տեքստով խանութի տերերը զգուշացնում են, որ վաճառված ապրանքը հետ չեն վերցնում, հալեպահայի խանութում նման բան չկա:

Հովիկն ասում է, որ իրենց համար կարեւորը հաճախորդ ունենալն է եւ իրենք ամենայն կերպ ընդառաջում են հաճախորդներին:

Պատերազմից Հայաստան փախած ընտանիքը Հալեպում կոշիկի մեկ արտադրամաս եւ 3 խանութ է թողել: Կոշիկի արտադրամասը չի գործում, խանութներից էլ միայն մեկն է գործում` հայաշատ ապահով թաղամասում:

Հովիկի հայրը մնացել է Հալեպում, որպեսզի թույլ չտա թալանել գույքը: «Հալեպում գողությունները հիմա շատացել են, եւ ամեն ընտանիքից մեկը մնում է», - ասում է նա:

Հայաստանում ձեռնարկած գործից Հովիկ Բաղդասարյանը չի բողոքում. - «Շատ լավ է: Ես վստահ եմ, որ աստիճանաբար ավելի լավ է լինելու»:
XS
SM
MD
LG