Մատչելիության հղումներ

Մետրոյի վերակառուցման համար տրամադրվում է եւս 15 միլիոն եվրո


Երեւանի Մետրոպոլիտենի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, երեքշաբթի օրը մետրոյի մի քանի կայարաններում շրջագայելուց հետո, լրագրողներին ներկայացրին Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի ֆինանսավորման երկրորդ փուլում կատարվելիք աշխատանքները:

ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության Հարեւանության ներդրումային գործիքի կողմից 2010 թվականից իրականացվում է Երեւանի Մետրոպոլիտենի լայնածավալ վերակառուցման եւ արդիականացման համատեղ ծրագիր` 30 միլիոն եվրո արժողությամբ:

Ծրագրի առաջին փուլի ընթացքում 2010 թվականին հատկացված 15 միլիոն եվրո ներդրումը, ըստ ՎԶԵԲ-ի, օգնել է բարելավել մետրոյի անվտանգությունը, կայուն զարգացումը եւ էներգետիկ արդյունավետությունը: Բարելավումները շարունակելու նպատակով 2012-ի օգոստոսից մեկնարկել է երկրորդ փուլը` եւս 15 միլիոն եվրոյի ներդրմամբ:

Այս փուլի շրջանակում ՎԶԵԲ-ը 5 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրել, որը մինչեւ 2012 թվականի վերջը համաֆինանսավորվելու է Եվրոպայի ներդրումային բանկի 5 միլիոն եվրոյի վարկային տրանշով եւ Եվրամիության կողմից տրամադրվելիք լրացուցիչ 5 միլիոն եվրոյի դրամաշնորհով:

Նշենք, որ ի շարս այլ աշխատանքների, այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է լուծել նաեւ մետրոյի թունելներում ջրերի ներհոսքի, ինչպես նաեւ ուղեւորների անվտանգության բարելավման հետ կապված խնդիրներ: Արդեն իսկ լիովին արդիականացվել եւ վերանորոգվել են մետրոյի 8 գնացքներ:

Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլն արդեն մոտ 80 տոկոսով կատարվել է, եւ մանրամասնեց, թե հատկապես ինչ է արվել:

«Շարժակազմերի բոլոր անվասայլակները հարյուր տոկոսով վերանորոգվել են, փոխվել են, 35 կմ բարձրավոլտ մալուխների փոխարինման աշխատանքներ են իրականացվել, պոմպակայաններն են արդիականացվում, դրանք 30 տարվա պոմպակայաններ էին», - ասաց Յայլոյանը:

Յայլոյանը նշեց, որ այս ծրագրով մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցում նախատեսված չէ: Մինչդեռ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, չբացառեց հետագայում նման հնարավորությունը:

«Այս ծրագրի ավարտից հետո մենք պատրաստ ենք քննարկել նաեւ Երեւանի մետորոպոլիտենի աջակցման այլ ծրագրեր», - ասաց ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը:

«Այսինքն, ձեր նշած հետագա ծրագրերում չեք բացառո՞ւմ նաեւ նոր կայարանների կառուցում», մեր ճշտող հարցին Ռազլոգը պատասխանեց. - «Դա նույնպես կարող է քննարկվել»:

Ինչ վերաբերում է մետրոյի աջակցման ծրագրի վարկային հատվածին, ապա այս կապակցությամբ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ավելի վաղ հայտարարել էր, որ վարկի մարման ժամանակացույցը նախատեսված է 15 տարվա համար, որից 3 տարին արտոնյալ ժամկետով՝ տարեկան EUR LIBOR+1 տոկոսադրույքով:

Մետրոպոլիտենը մայրաքաղաքում հիմնական տրանսպորտային միջոցներից մեկն է, որը պիկ ժամերին սպասարկում է գնացքների 5 րոպեն մեկ ժամանման հաճախականությամբ: 2011թվականին Երեւանի մետրոյից օգտվել է ավելի քան 17 միլիոն հաճախորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG