Մատչելիության հղումներ

Հայաստանում երեխաների որդեգրման դեպքերը 2012 թվականի առաջին 10 ամիսների կտրվածքով 60 տոկոսով նվազել են: Նախորդ տարի Հայաստանում որդեգրվել է 120 երեխա:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ պատճառը որդեգրման ենթակա երեխաների թվի նվազումն է:

«Ուրախալի ցուցանիշ է, որ հիմնականում սկսել են առողջ երեխաներից քիչ հրաժարվել», - ասում է Ղազարյանը:

Որդեգրվում են հիմնականում 0-3 տարեկան երեխաները. սեռային տարբերությունը, ըստ Ղազարյանի, այս տարի զգալի չէր: Հայաստանում որդեգրությունը գաղտնի գործընթաց է, եւ այդ պատճառով է, որ շատ ծնողներ խուսափում են ավելի մեծ տարիքի երեխա որդեգրել:

«Երբեմն բնակավայր են փոխում, նույնիսկ հանրապետությունից են դուրս գալիս, միայն թե չիմացվի իրենց որդեգրության գաղտնիքը», - ասում է պաշտոնյան:

Երեխաները որդեգրվում են մանկատնից, ծննդատնից կամ էլ հղի կնոջ հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Մեր բոլոր փորձերը մուտք գործել մանկատուն որդեգրման գործընթացը տեղում հասկանալու համար նախարարությունը կասեցրեց` ասելով, որ մի կողմից այսպես երեխաները սթրեսի են ենթարկվում, մյուս կողմից էլ որդեգրման գաղտնիությունն է վտանգվում:

Գաղտնիության հանգամանքն էլ իր հերթին մեկ այլ խնդիր է ստեղծում. եթե սոցիալական աշխատողները մինչեւ երեխայի որդեգրումը մանրազնին ուսումնասիրում են ընտանիքը, որդեգրումից հետո նրանց մուտքն ընտանիք արգելվում է եւ երեխայի հետագա ճակատագիրը անհայտ է դառնում:

«Երեւի թե մենք էլ կգնանք նրան, որ վերահսկողություն սահմանվի [որդեգրող ընտանիքի նկատմամբ]: Դա մտածողության փոփոխությանը համահունչ պետք է լինի, որին այսօր մենք պատրաստ չենք», - ասում է Ղազարյանը:

Հայաստանում երեխայի որդեգրումը անվճար է, պնդում է Լալա Ղազարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում շատ ծնողներ բողոքում, որ իրենցից մեծ գումարներ են պահանջում որդեգրման համար:

«Նման խնդիր մեր հանրապետությունում չկա», - ասում է պետական պաշտոնյան:

Մինչդեռ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեպետ 2012-ին երեխայի առքուվաճառքի դեպք չի արձանագրվել, բայց նախորդ տարիներին նման դեպքեր եղել են։ Ըստ նրա` սա թրաֆիքինգ չէ, այլ առանձին հանցատեսակ է:

Որդեգրման գործընթացը դյուրացնելու նպատակով այսօր քննարկումներ են ընթանում Ընտանեկան օրենսգրքում փոփխություններ կատարելու համար: Կա առաջարկ մանկատան ապրող երեխայի ծնողին զրկել ծնողական իրավունքից, եթե ծնողներից ոչ մեկը մեկ տարի շարունակ այդ երեխային չի այցելել:

«Կան երեխաներ, որոնց ծնողները չեն այցելում կամ տարեկան մեկ անգամ են այցելում, եւ դա չի լցնում նրանց կյանքը: Նման նախաձեռնություն կա, բայց դեռեւս այս գործընթացը ընթացքի մեջ, անպայման մյուս տարի մեր նոր ռազմավարական ծրագրում` որպես միջոցառում նախատեսել ենք», - ասում է Ղազարյանը:

Հայ երեխաները նաեւ օտարերկրացիների կողմից են որդեգրվում: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի գրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե օտարերկրացիների կողմից որդեգրվող հայ երեխաների ապահովությունը երաշխավորելու պարտականությունը դրված է հյուպատոսությունների վրա: Սակայն «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով սահմանված է միայն որդեգրված հայ երեխաների հաշվառում, իսկ հաշվառումից հետո վերահսկողության իրականացմանն ուղղված պարտավորություններ հյուպատոսարանն այլեւս չի կրում: Հարցին, իսկ ինչպե՞ս է վերահսկվում արտասահմանում որդեգրված երեխաների կյանքը, հատկապես, եթե միջամտության իրավունք չկա, Ղազարյանը պատասխանեց. - «Նրանք մի քանի տարի ուսումնասիրում են այդ ընտանիքները, համապատասխան փաստաթղթերը, պատրաստ են երեխա որդեգրելու եւ այլն»:

Որդեգրումների թիվը թեպետ Հայաստանում նվազել է, այդուամենայնիվ, միայն այս տարի մինչեւ 50 երեխա արդեն իսկ որդեգրվել է Հայաստանից դուրս: Հիմնականում երեխաներին տանում են Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Ռուսաստան եւ Հունաստան: Երեխաների վերադարձի դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG