Մատչելիության հղումներ

Երեւանի արտաքին տեսքը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնորոշեց մեկ բառով՝ անկանոն` այսօր չկա ճարտարապետական ամբողջականություն, չեն պահպանվում տարրական քաղաքաշինական նորմերը:

«Վերեւից նայելիս Երեւանը սոսկալի է, որովհետեւ գոյություն ունեցող, այսպես կոչված, 3-րդ ճակատը, 5-րդ ճակատը, սոսկալի վիճակում ա: Շենքերը շահագործամ են հանձնվել 50-60 տարի առաջ, եւ նրանց նկատմամբ որեւէ մոտեցում չի եղել», - ասաց Մինասյանը` շարունակելով. - «Այսօր ուշադրության կենտրոնում է միայն Երեւանի կենտրոնը, իսկ ծայրամասային թաղամասերը անտեսված են: Չարբախը, Սարի թաղը, Կոնդը շատ անբարեկարգ, անմխիթար վիճակում են»:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր համար Երեւանում լավագույն վայրը Օպերայի շրջակայքն է:

Երեւանի բնակիչներից ոմանց դուր է գալիս քաղաքի արտաքին տեսքը՝ նորակառույց շենքերը, քաղաքի այգիները, կանաչապատ տարածքները, սակայն նրանց հետ համամիտ չեն հինը պահպանելու կողմնակիցները:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահը խոսեց նաեւ «Հին Երեւան» նախագծից, որով հիշեցնենք, նախատեսվում է վերակառուցել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Երեւանի ճարտարապետության լավագույն նմուշները: Վերակառուցվելու են 19 շենքեր, որոնք ժամանակին ապամոնտաժվել են խարխուլ վիճակում գտնվելու կամ քաղաքաշինական նոր ծրագրերին խոչընդոտելու պատճառով: «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում` շուրջ 2.2 հեկտարի վրա:

Մինասյանի կարծիքով, սակայն, դա հուշարձան պահելու ձեւ չէ. - «Լավ բան չէ, երբ որ մենք քաղաքի հուշարձանները մի տեղից հանում ենք ու տանում ենք մեկ այլ տեղ, բայց դա ստիպվածության խնդիր է»:
XS
SM
MD
LG