Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է


Ալավերդու պղնձաձուլական գործարանը

Ալավերդու պղնձաձուլական գործարանը

Ընդդիմադիր գործիչը դա բացատրում է տեղական հանգամանքներով։

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 391.1 միլիոն դոլար: 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է 35.2 տոկոսով:

Այդ թվում` ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 221.3 միլիոն դոլար` նվազելով մոտ 54 տոկոսով: Ռուսական ներդրումների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 71.1 տոկոսով, ԱՄՆ-ից կատարված ներդրումների ծավալը՝ 71.2 տոկոսով:

Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 19.46 տոկոսը, իսկ ուղղակի ներդրումների 34.13 տոկոսն ուղղվել է հանքարդյունաբերական ոլորտ: Ուղղակի ներդրումների 22.23 տոկոսն իրականացվել է հեռահաղորդակցության, մոտ 11 տոկոսը՝ անշարժ գույքի ոլորտներում:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով օտարերկրյա ներդրումների ծավալի նվազումը` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասաց, որ դա կբացատրեր «տեղական հանգամանքներով` միանշանակ»։

«Այստեղ ուղղակի մեծ հակասություն կա նաեւ այն միջազգային գնահատականի հետ` Հայաստանի տնտեսության ներդրումային վիճակի հետ կապված, որը կոչվում է Doing Business, եւ իրականում ինչ կատարվում է, այն, ինչի մասին մենք խոսում ենք, ի նկատի ունեմ` այն մարդիկ, ովքեր ավելի օբյեկտիվորեն են գնահատում տնտեսության վիճակը», - նշեց Խաչատրյանը` շարունակելով. - «Մեր մոտ այսօրվա կառավարման համակարգը թույլ չի տալիս, որ ներդրումներ լինեն»։

Ըստ նրա` օտարերկրյա կապիտալը այլեւս հրապուրիչ չի համարում Հայաստանում շրջանառվելը. - «Միանշանակ, ու վաղուց էր պետք դրա մասին մտածել, որովհետեւ մեր քաղաքականությունը, որ երկրում տարվում է` տնտեսական կոնկրետ, հենց դրան էր բերելու, որովհետեւ մեր մոտ մրցակցություն չկա, մեր մոտ տնտեսությունը ազատ չէ, այդ թվում նաեւ սեփականությունն էլ պաշտպանված չէ։ Իհարկե, այդ ամեն ինչը կա միայն այն դեպքում, եթե ունեք բարձր հովանավորողներ, իսկ ընդհանրապես կապիտալը այդպիսի երեւույթներ չի սիրում` կապիտալը սիրում է ազատություն, օրենքներ եւ խելամիտ կառավարություն»։

«Մեր մոտ կարծես թե օրենքները նորմալ են` ես չեմ էլ ուզում գնահատականներ տալ, կայունության հետ կապված` շատ պայմանական է, իսկ խելամիտ իշխանություն մենք չունենք։ Եվ տեսնում եք` ինքը իրեն կապիտալը իր գնահատականները տալիս է եւ ասում է, որ «ես այդտեղ անելու ոչինչ չունեմ», - հայտարարեց Վահագն Խաչատրյանը։
XS
SM
MD
LG