Մատչելիության հղումներ

«Հաշմանդամ երեխաները մնում են ամենախոցելի խմբերից մեկը»


Մանկական կաթված ախտորոշմամբ ծնված եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող Անին, ներառական կրթության ընձեռած հնարավորություններից օգտվելով, սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի 5-րդ դասարանում:

«Գնում եմ ձիարշավարան, գնում եմ լողի, գնում եմ ստուդիա», - «Ազատություն» ռադիոկայանին պատմում է աղջնակը:

Երեխան տեղաշարժվում է մայրիկի ձեռքը բռնած: Դպրոցում էլ լավ ընկերներ ունի, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք են մեկնում:

Անիի մայրիկը` Լիլիա Կարապետյանը, ուրախ է, որ իր երեխան այսօր հասարակությունից առանձնացված չի զգում իրեն, սակայն չի կարող չնկատել այն խնդիրները, որոնք այսօր մեր քաղաքը ստեղծում է հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների եի նրանց ծնողների համար:

«Իմ խնդիրը կոնկրետ վերաբերում է երթեւեկության խնդիրներին, քանի որ, ունենալով հաշմանդամություն ունեցող երեխա ու վարելով ավտոմեքենա, հաճախակի կայանել եմ այն վայրերում, որտեղ արգելված է: Բնական է` դրա համար մի քանի անգամ տուգանվել եմ», - պատմում է նա:

Շատ հաճախ ոստիկանության աշխատակիցները ըմբռնումով են մոտեցել, ընդունում է Լիլիան, սակայն սա չի նշանակում, որը խնդիրը լուծված է:

Լիլիան Ժամանակին հարց էր բարձրացրել, որպեսզի հաշմանդամություն խնդիր ունեցող երեխայի ծնողը իրավունք ունենա իր մեքենայի վրա փակցնել հատուկ նշան: Օրենսդրական փոփոխություններ արվեցին, սակայն օրենքը ուժի մեջ մտցնելու գործընթացը ձգձգվում է:

Մերի Մարտիրոսյանի աղջիկը` Սիրանույշը, սայլակով է տեղաշարժվում: Պատմում է, որ այսօր լուրջ խնդիր է երեխայի հետ փողոց անցնելը. գետնանցումները, կամուրջները, որոնք նախատեսված են փողոցն անցնելու համար, ոչ մի հարմարություն չեն ստեղծել հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը ընդունում է, որ այսօր այս խնդիրը Երեւանում առկա է, նշելով, սակայն , որ այսօր արդեն Կառավարությունում օրենքի նախագիծ է ներկայացված, որտեղ կոնկրետ ժամկետներում պետք է լուծում տրվի այս խնդիրներին:

«Հստակ չափորոշիչներ, հստակ ժամկետներում... քայլեր արվում են... տեմպերը մեզ չեն բավարարում», - ասում է փոխնախարարը:

Հայաստանում այսօր պաշտոնապես գրանցված է 8 հազար հաշմանդամություն ունեցող երեխա: Ըստ UNICEF -ի, հաշմանդամ երեխաների իրական թիվը կարող է հասնել 12 հազարի, քանի որ որոշ դեպքերում հաշմանդամությունը վկայագրված չէ:

«Հաշմանդամ երեխաները շարունակում են մնալ Հայաստանում ամենախոցելի եւ մեկուսացված խումբը», - ասում է UNICEF հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Չնայած մեր հերոսները` ԱՆին ու Սիրանույշը, իրենց ծնողների ջանքերով ակտիվ կյանքով են ապրում, այնուամենայնիվ UNICEF-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 33 տոկոսը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին: Ամենալուրջ խնդիրներից է նաեւ ֆինանսական անապահովությունը` հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների 81 տոկոսը, բացի հաշմանդամության թոշակից, որը 18 հազար 200 դրամ է կազմում, որեւէ սոցիալական ծառայությունից չի օգտվում:

Պաշտոնատար անձինք ասում են, որ տեղյակ են այս խնդիրներից, փորձում են լուծել դրանք, սակայն, ցավոք սրտի, այս խնդիրների մասին բարձրաձայնում են միայն դեկտեմբերի 3-ին` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG