Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծումը հետաձգվեց


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան
Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ընդունեց իշխող Հանրապետականի առաջարկը` Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր պետք է որոշվեր Մարտի 1-ի հարցով հանձնաժողովի ստեղծման հարցը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը առաջարկեց խնդրին անդրադառնալ 2013-ի նախագահական ընտրություններից հետո` հարցը չքաղաքականացնելու համար: Նա նաեւ պայմաններ առաջ քաշեց` նախագծից հանել քաղաքական որակումները, ամրագրել, որ իշխող Հանրապետականը կունենա հանձնաժողովի տեղերի կեսը:

«Խորհրդարանական մեծամասնությունը նշված պայմանների հաշվառմամբ, իհարկե, կողմ կքվեարկի այդ նախագծին», - ասաց Հարությունյանը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց եւ հայտարարեց այդ պայմաններով հարցը մինչեւ մեկ տարով հետաձգելու իր պատրաստակամության մասին. - «Այո, ի՞նչ է եղել, որովհետեւ մենք մասնագիտական աշխատանք պետք է կատարենք, եւ եթե կուզեք` մասնագիտական եզրակացություն պետք է ներկայացնենք, փորձենք հնարավորինս զերծ մնալ քաղաքական գնահատականներից»:

ՀԱԿ-ի այս դիրքորոշումը անհանգստացրեց նախագծին կողմ քվեարկելու պատրաստ Կոնգրեսի գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ին եւ Հայ հեղափոխական դաշնակցությանը:

«Հեղինակները պիտի պնդեին, որ քննարկվի հիմա, հանձնաժողովի ստեղծման ժամկետ ֆիքսվեր, ասենք, 2013 թվականի մայիսը, որպեսզի որեւէ մեկը մտավախություն չունենար, որ այստեղ կարող են ռիսկեր լինել: Այսօր հնարավոր է առաջանար դահլիճում քվեարկության հարց: Եթե մենք մեր պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանին եւ Վահան Բաբայանին վերադարձնում ենք [Հայաստան], երբ նրանք Մոսկվայից արդեն մոտենում էին Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռին` հատկապես այս քվեարկության համար, եւ հարցը նման տարօրինակ հանգուցալուծում է ստանում, ես սպասում են ՀԱԿ-ի պարզաբանմանը», - հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն էլ մտավախություն ունի, որ Հանրապետականը իր համար հարմար քաղաքական պահին հաջողեց հարցի քննարկումը հետաձգել, իսկ ապագայում կարող է ընդհանրապես չանդրադառնալ դրան, քանի որ հստակ պայմանավորվածություններ չկան:

«Եթե քաղաքական մեծամասնությունը հայտնում է իր նախնական համաձայնությունը նախագիծն ընդունելու համար, առնվազն կարող էր շատ պարզ մեկ քայլ կատարել` կողմ քվեարկելով մեծ օրակարգում ընդգրկելու հարցին, փոքր օրակարգում, որը արդեն ենթադրում է ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկում, կարող էր այդ պայմանների առաջադրումը իրականացներ», - ասաց Մինասյանը` շեշտելով, թե մտավախություն ունի, որ հարցը չի ընդգրկվի ԱԺ օրակարգում:

Առանց ժամկետների հարցը հետաձգելու ՀԱԿ-ի որոշումը ոչ կոալիցիոն ուժերի քննարկման առարկա դարձավ: Թերեւս դա էր պատճառը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը արդեն խորհրդարանի դահլիճում իշխող մեծամասնությունից երկու անգամ հրապարակային երաշխիքներ պահանջեց, որ հանձնաժողովը կստեղծվի նախագահական ընտրություններից հետո: Ազգային ժողովի նախագահն ասաց` Հանրապետականը երկրի նախագահի գլխավորությամբ շահագրգիռ է բացահայտել Մարտի 1-ի դեպքերը:

Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց` եթե իշխանությունը դրժի իր խոստումը, ՀԱԿ-ը այդ հարցը իբրեւ արտահերթ կմտցնի խորհրդարանի օրակարգ:
Զուրաբյանը առավոտյան պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցածը «հաղթանակ» որակեց:

«Հայտարարել էին, որ Մարտի 1-ի էջը փակված է, մենք կարողացանք վերաբացել այդ էջը», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանը հարցը հետաձգելու իր որոշումը քննարկե՞լ էր խմբակցության հետ, Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք ֆրակցիայում հստակ քննարկել ենք, որ պատրաստ ենք Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը նախագահական ընտրություններից հետո»:

Դիտարկմանը, թե որտեղի՞ց գիտեին, որ առավոտյան նման առաջարկ է հնչելու, որ արդեն քննարկել էին այդ տարբերակը, Զուրաբյանը պատասխանեց` իրենք բոլոր քայլերը նախատեսում են:

Մարտի 1-ի զոհերի հարազատներից Ալլա Հովհաննիսյանն ասում է` դեմ է հանձնաժողովի ստեղծումը հետաձգելուն:

«Համոզված եմ, իրենք հետո էլ որեւէ բան չեն անելու: ՀՀԿ-ն դեմ լինելով` խոչընդոտելու է, չի լինելու այդ հանձնաժողովը, եւ քանի որ նախագահական ընտրություններ են, ուղղակի ուզեցան ժամանակ վերցնել` ժողովրդի աչքին վատ չերեւալու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG