Մատչելիության հղումներ

4 սոցիալական ձեռնարկություններից առայժմ 2-ը կստեղծվեն


Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու «Լայֆ» ծրագրի շրջանակներում արդեն լուծվել է 60 քաղաքացիների զբաղվածության խնդիրը, այդ թվում 17-ի աշխատավայրը հարմարեցվել է իրենց:

Այս մասին այսօր ասաց ծրագիրն իրականացնող «Save the Children» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը:

Ծրագրի շրջանակներում նաեւ 4 սոցիալական ձեռնարկություններ պիտի ստեղծվեին. երկուսը՝ Երեւանում՝ կարի ֆաբրիկա եւ ջերմոցային աշխատավայր, մեկական էլ Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում` քաղաքապետարանների աջակցությամբ: Սակայն ի տարբերություն մարզային քաղաքների, Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցություններն այժմ սառեցված են:

«Մեծ դժգոհությամբ պիտի ասեմ, որ չնայած ծրագրի մշակման ժամանակ Երեւանի քաղաքապետարանը գրավոր հաստատել էր իր ցանկությունը մասնակցելու այդ ձեռնարկությունների ստեղծմանը, 6 ամիս է բանակցություններ ենք վարում նրանց հետ, մինչ այժմ ոչինչ առաջ չի գնում», - նշեց Սաղոյանը:

Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում ձեռնարկությունները կստեղծվեն 2013-ի հունվարից: Հայաստանում հաշմանդամները աշխատում են դեռեւս մի քանի մասնավոր եւ համեմատաբար մեծ ընկերություններում եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը նշեց, որ հաշմանդամների աշխատանքի համար հարմարեցված չեն նաեւ պետական բազմաթիվ մարմինների շենքային պայմանները:

Հայաստանում պաշտոնապես գրանցված 180.500 հաշմանդամ կա, որոնցից, նախարարի խոսքով, աշխատանքով ապահոված է ընդամենը 8 տոկոսը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի ձեւակերպմամբ` հաշմանդամների զբաղվածության ապահովմանը կնպաստի նաեւ այժմ կառավարությունում գտնվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է գործատուների համար քվոտաների համակարգի ներմուծում, այսինքն յուրաքանչյուր գործատու պարտավորվելու է աշխատանքի ընդունել որոշակի թվով հաշմանդամություն ունեցող անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG