Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի ղեկավարությունը հանդիպումներ կունենա Բրյուսելում


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) յոթ հոգանոց պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ վաղը` դեկտեմբերի 4-ին կմեկնի Բրյուսել:

Ինչպես նշվում է ԲՀԿ-ի կողմից այսօր տարածած հաղորդագրության մեջ, երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրամիության արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի հետ: Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի, ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կհանդիպի նաեւ առանձին պաշտոնյաների հետ, թե ում հետ՝ չեն մանրամասնում: «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց պարզել, որ Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է նաեւ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Տեսակետներ կան, թե քանի որ Ծառուկյանը համարվում է Եվրասիական միության ջատագով, ապա նա Բրյուսել կատարելիք այցի միջոցով փորձում է հավասարակշռություն մտցնել եւ ցույց տալ, որ պատրաստ է սերտ համագործկացության ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Արեւմուտքի եւ եվրոպական կառույցների հետ:

Մինչդեռ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, ով նույնպես ընդգրկված է պատվիրակության կազմում, պնդում է, թե Գագիկ Ծառուկյանի այցը եւ հանդիպումները եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ նախընտրական չեն եւ որեւէ կապ չունեն երկու ամսից կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն պարզապես ցանկանում է խորացնել կապերը եվրոպական կուսակցությունների հետ: Նա չբացառեց, որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանը կայցելի նաեւ Միացյալ Նահանգներ:

«Դրանք չի կարելի նախընտրական հանդիպումներ համարել: Դրանք մեր կուսակցական հանդիպումներն են լինելու, կուսակցությունը խորացնելու է իր կապերը եվրոպական բազմաթիվ կուսակցությունների հետ: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի` մենք «դաբրոներով» չենք առաջնորդվում: Մենք առաջնորդվում ենք բացառապես մեր կուսակցական շահերով, տեսլականներով, ծրագրերով», - ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ այցը համընկավ նախընտրական շրջանի հետ, Զոհրաբյանը պատասխանեց. - «Այդ դեպքում կարելի է ասել ինչո՞ւ նախընտրական շրջանի հետ համընկավ այն, որ այսօր ջերմաստիճանը 20 աստիճան է, ի տարբերություն անցած տարվա դեկտեմբերի այս օրվա, որ մինուս 15 էր: Ամեն ինչում կարել է ինչ-որ զուգադիպություններ գտնել: Որեւէ զուգադիպություն չկա: Հիմա ենք հարմար գտել, հիմա ենք ծրագրել»:

Անդրադառնալով Ծառուկյանի` ԱՄՆ կատարելիք հնարավոր այցին` Զոհրաբյանն ասաց. - «Այս շրջանում` ոչ, բայց չենք բացառում, որ այց լինի նաեւ Միացյալ Նահանգներ, օրակարգում նման ծրագիր կա. դա կուսակցական ծրագիր է, որպեսզի խորացնենք մեր կապերը թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության, թե նաեւ Ռուսաստանի տարբեր կուսակցությունների հետ, որոնց հետ գաղափարական ընդհանրություններ ունենք»:

Բրյուսել մեկնող պատվիրակության կազմում է նաեւ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հրաժարվեց մեկնաբանել այն տեսակետը, որը ռուսամետ համարվող ԲՀԿ-ն որոշել է նախագահական ընտրություններից առաջ խորացնել կապերը նաեւ եվրոպական կառույցների հետ:

Թեեւ ԲՀԿ-ականները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի այցը կապ չունի նախագահական ընտրությունների հետ, սակայն քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է եւ, բնականաբար, բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը ցանկություն ունեն իմանալու աշխարհաքաղաքական կենտրոնների տրամադրությունները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Իսկ այն, որ այս ընտրություններում բավական մեծ է լինելու արտաքին ազդեցությունը, փորձագետի համոզմամբ, բոլորի համար էլ ակնհայտ է: Ըստ նրա` պատճառն այն է, որ Հայաստանի հասարակությունն այսօր իշխանություններին ազատ եւ արդար ընտրություններ պարտադրելու հնարավորություն չունի. վառ օրինակը դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրություններն էին, որի ժամանակ կրկին կիրառվեցին այն նույն տեխնոլոգիաները, ինչ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Փորձագետի համոզմամբ, երբ հասարակությունը թուլանում է եւ չի կարողանում ազդեցություն գործադրել իշխանությունների վրա, այդ ժամանակ իշխանությունների վրա մեծանում է աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը:

«Այն ուժերը, որոնք իրականում ցանկանում են իշխանափոխություն իրականացնել, ուզեն, թե չուզեն, պետք է հաշվի առնեն աշխարհաքաղաքական կենտրոնների տրամադրությունները: Իսկ տրամադրությունները կարող ես հաշվի առնել, եթե լինում ես այս կամ այն կենտրոնում, տվյալ դեպքում Ռուսաստանում եւ Արեւմուտքում, եւ փակ զրույցների ժամանակ լսում ես նրանց տեսակետները: Փակ զրույցների ժամանակ այլ տեսակետներ են հնչում, հրապարակային ելույթներում նույն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցիկ գործիչները այլ տեսակետներ են հնչեցնում», - ասաց Բադալյանը:

Հիշեցնենք, որ եվրոպական ազդեցիկ կառույցների մեկի` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն անցած շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ շնորհավորեց նախագահ Սարգսյանին 2012 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով: Սակայն փորձագետի համոզմամբ, եթե միջազգային կառույցները հրապարակային չեն քննադատում Հայաստանի իշխանություններին, ապա դա չի նշանակում, որ նրանք գոհ են այդ իշխանությունից:

«Երբ արաբական գարունը դեռեւս չէր սկսվել, Մուամար Քադաֆին գնում էր Եվրոպա, եւ եվրոպական բոլոր երկրների եւ կառույցների ղեկավարները մեծ գոհունակություն էին հայտնում Եվրոպա-Լիբիա քաղաքական եւ տնտեսական կապերից: Սակայն երեք ամիս հետո հենց նույն եվրոպական երկրները, Եվրամիության անդամ Ֆրանսիայի ռազմական օդանավերը ռմբակոծում էին Տրիպոլին: Կա ռեալպոլիտիկ, որը տարբերվում է հրապարակային քաղաքականությունից», - նկատում է փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կստանա՞ եվրոպական կառույցների աջակցությունը, Բադալյանն ասաց, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG