Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը ժամանում է Թուրքիա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2012թ.

Կրեմլի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը քննարկելու են նաեւ «Անդրկովկասում ստեղծված իրադրությունը»։

Երկուշաբթի օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Պուտինը Ստամբուլում կմասնակցի Ռազմավարական համագործակցության ռուս - թուրքական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կքննարկի ինչպես երկկողմ համագործակցությանը վերաբերող խնդիրներ, այնպես էլ` «Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Բալկաններում ստեղծված իրադրությունը»:

Ռուս - թուրքական այս խորհրդի նիստը նախապես ծրագրված էր անցկացնել դեռ հոկտեմբերին: Վերջին պահին, սակայն, Պուտինի այցը Թուրքիա հետաձգվեց, ինչը փորձագետներից շատերը շտապեցին կապել այն տրամագծորեն հակառակ դիրքորոշումների հետ, որ որդեգրել են սիրիական խնդրում պաշտոնական Մոսկվան ու Անկարան:

Այսօր արդեն Թուրքիան եւ Ռուսաստանը, չփոխելով իրենց տեսակետը Սիրիայի հարցում, կարողանում են մի կողմ դնել այս տարաձայնությունները` հիմնականում կենտրոնանալով էներգետիկ համագործակցության հարցերի վրա:

Այսպես, Պուտինի այցի շեմին Թուրքիա ժամանեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որն իր թուրք պաշտոնակից Թաներ Յըլդըզի հետ բանակցելուց հետո հայտարարեց. - «Եթե ձմռանը Թուրքիան հավելյալ գազի կարիք ունենա եւ մենք կարողանանք համապատասխան համաձայնության գալ, ապա Ռուսաստանը պատրաստ է ավելացնել մատակարարումների ծավալը: Նախկինում մենք բազմիցս օգնել ենք Թուրքիային, երբ այստեղ ձմեռվա ամիսներին գազի կարիք են զգացել»:

Ի դեպ, այսօր արդեն ռուսական «Գազպրոմ»-ը ապահովում է թուրքական շուկա մատակարարվող գազի ընդհանուր ծավալի շուրջ 60 տոկոսը:

Պուտինի այցի շեմին նաեւ տրվեց մեկ այլ համատեղ ծրագրի մեկնարկը` ռուսական «ԳԱԶ» ընկերությունը թուրքական Սաքարյա քաղաքում պաշտոնապես բացեց հետխորհրդային տարածքի բնակիչներին քաջածանոթ «Գազել» միկրոավտոբուսների նորակառույց գործարանը: «Մինչեւ 2013 թվականի ավարտը Սաքարյայում բացված այս գործարանը կարտադրի շուրջ 3 հազար միկրոավտոբուս», - հայտարարեց «ԳԱԶ» ընկերության ղեկավար Բու Անդերսոնը:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին, ապա թուրքական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ Պուտինն ու Էրդողանը կարողանան մեկ հանդիպման ընթացքում հաղթահարել դիվանագիտական ասպարեզում առկա բոլոր տարաձայնությունները:

«2009 թվականից ի վեր, երբ ստեղծվեց ռուս - թուրքական համագործակցության խորհուրդը, հարաբերությունները` հատկապես տնտեսական, զբոսաշրջության, ներդրումային ոլորտներում, բավական լավ էին զարգանում», - գրում է Zaman օրաթերթը` հավելելով. - «Հետագայում, սակայն, Արաբական գարունը բացահատեց կողմերի բավական տարբեր մոտեցումները այս խնդրին: Սրան էլ գումարած` Անկարան եւ Մոսկվան տարբեր մոտեցումներ ունեն մի շարք այլ խնդիրների հանդեպ` Լեռնային Ղարաբաղ, Կոսովո, Կիպրոս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG