Մատչելիության հղումներ

Հայաստանում այս տարի գրանցվել է ՄԻԱՎ-ի 206 նոր դեպք


ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը փոխանցեց, որ այս տարի գրանցվել է ՄԻԱՎ-ի 206 նոր դեպք:

Այդ ցուցանիշը, Գրիգորյանի խոսքով, առավելագույնն է նախորդ տարիների համեմատ. - «Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ դեպքերի 60 տոկոսը, հավանաբար, վարակվել է արտերկրում: 20 տոկոսն էլ, ասենք, նրանց զուգընկերներն են կամ կանայք են: Այսինքն 80 տոկոսի մոտ առկա է միգրացիոն գործոնը»:

Հիվանդների թվի աճը նա բացատրում է հետազոտվողների թվի աճով. - «Չասենք վարակի տարածման աճ, այլ ասենք` արձանագրվող դեպքերի աճ: Կա գրանցման պաշտոնական վիճակագրություն, եւ կա հաշվարկային թիվ, որն առավել մոտ է իրական պատկերին»:

Գրիգորյանի խոսքով` այդ վիճակագրությունը աճելու է. - «Որովհետեւ մենք ունենք մոտավորապես 35 տոկոս գրանցում: Ոչ բոլոր ՄԻԱՎ վարակ ունեցող հիվանդներն են արձանագրվում, բնականաբար: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»:

1989 թվականից մինչեւ այսօր Հայաստանում գրանցվել է 1359 ՄԻԱՎ-ի դեպք, սակայն մասնագետները կարծում են, որ հիվանդների թիվը մոտ 3 անգամ ավելի է` առնվազն 3500 մարդ:

Գրիգորյանի խոսքով, շատերը խուսափում են հետազոտվել` կանխավ վախենալով հասարակության վերաբերմունքից, իսկ դա հանգեցնում է նրան, որ նրանք տարածում են վիրուսը:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հոգեբան Անուշ Մինասյանը հավելեց, որ իրենց հիվանդության մասին տեղեկանալուց հետո այդ մարդիկ մեկուսանում են հասարակությունից, քանի որ «վախենում են հասարակության արձագանքից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցախույզը ցույց տվեց, որ մայրաքաղաքի բնակիչներից շատերը կխուսափեն ՄԻԱՎ վարակակիրների հետ շփվելուց: Սակայն քիչ չէին մարդիկ, ովքեր պատրաստ են շարունակել հարաբերությունները վարակակիրների հետ:

«Կփորձեմ օգնել ինչ-որ ձեւով», - ասաց միջին տարիքի մի տղամարդ: - «Հիմա այնքան ինֆորմացիա կա վարակներից զերծ մնալու, պաշտպանվելու մասին, որ չեմ վախենում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG