Մատչելիության հղումներ

Կոնգոյում ավիավթարի արդյունքում 5 հայ է զոհվել


Այսօր լուսադեմին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում Իլ-76 բեռնատար ինքնաթիռի անհաջող վայրէջքի արդյունքում անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են:

Նրանցից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին, մեկը` Ուկրաինայի: Անձնակազմի 7-րդ անդամի քաղաքացիությունը ճշտվում է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց զոհվածների անունները` Վարազդատ Բալասանյան (օդանավի հրամանատարը), Արա Թովմասյան, Թադեւոս Հովհաննիսյան, Անդրանիկ Գեւորգյան եւ Էդգար Ավետյան:

Օդաչուներին աշխատելու նպատակով Կոնգո էր գործուղել հայկական մի ընկերություն, որի անունը դեռեւս գաղտնի է պահվում: Իլ-76 բեռնատար ինքնաթիռը Բրազավիլ էր ուղեւորվում երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից:

«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ վայրէջքի ժամանակ «Trans Air Congo» ընկերությանը պատկանող Իլ-76 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց, բախվել մի քանի բնակելի տների, ինչից հետո ընկել է եւ բռնկվել: Ավելի ուշ «Trans Air Congo» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տարածեց, ըստ որի կործանված ԻԼ-76 ինքնաթիռը չի պատկանում իրենց ընկերությանը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ, նախնական տվյալներով, վթարի պատճառը կայծակն է եղել. - «Բոլոր օդաչուներն էլ պայմանագրային հիմունքներով աշխատում էին Կոնգոյում: Որպես վթարի նախնական պատճառ նշվում է կայծակը, որը ականատեսների վկայությամբ վնասել է օդանավի թեւը: Դեպքը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ»:

Նախնական տվյալներով, ինքնաթիռի վնասած բնակելի տներում եւ այլ շինություններում զոհվել է 30 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Ավիավթարից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է, դեպքի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները եւ ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG